Search
Close this search box.

«Իմ երկու երեխաների գլուխը կերավ, հիմա հերթը այս մեկինն էր». երեխային գետը նետած կնոջ նախկին ամուսինը նոր մանրամասներ է պատմում

Երեկ հայտնի դարձավ, որ Ալավերդի քաղաքում 2 տարեկան երեխա է ընկել Դեբեդ գետը: Որոշ ժամանակ հետո երեխայի մայրը հաղորդում է տվել, որ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մանկահասակ դստերը նշված վայրում 3-4 մետր բարձրությունից գցել է Դեբեդ գետը:

Երեխայի մայրը՝ Սիլվան, բաժանվել է նախկին ամուսնուց, հետո երեխայի հետ 2-րդ անգամ ամուսնացել Ալավերդիում: Երեխային գետը նետած կնոջ վերաբերյալ մանրամասներ ճշտելու նպատակով 1or.am-ը կապ հաստատեց կնոջ նախկին ամուսնու՝ Արթուր Բարսեղյանի հետ.

«Մենք Սիլվայի հետ ինը տարի ամուսնացած ենք եղել: Իմ երկու երեխաների գլուխն էլ կերավ, հիմա հերթը այս մեկինն էր: Ռուսաստանում մեր փոքր երեխաներին տանը թողել էր մենակ, վառարանը վառած թողել, դուռը նրանց վրա կողպել, դուրս եկել, խեղճ երեխաներս խեղդվել էին ծխից: Չեմ կարող ասել՝ դիտավորյալ է արել, թե պատահականություն է եղել: Վորոնեժի ոստիկանությունում բոլոր տվյալները կան, երկու տարի ինքը պայմանական ազատության մեջ է եղել:

Ես այս դեպքի մանրամասները չգիտեմ՝ ինչպես է եղել: Պատճառն էլ չեմ կարող ասել, ո՞ր մի մայրն այդպիսի բան կանի իր երեխայի հետ, նա ծնող կոչվելու իրավունք ունի՞»:

Արթուրի խոսքով՝ Սիլվան վտանգավոր է, և ինքը թույլ չի տալու, որ նա նորից մոտենա իրենց երեխային. «Ես իմ երեխային տեր եմ, չեմ ուզում, որ նրան նույնիսկ մոտ թողնեն երեխային, խնդրում եմ օգնել ինձ, որ կարողանամ հայրություն ճանաչել: Երեխաներիս մահից հետո ես չեմ կարողացել այս փոքրի հայրությունը ճանաչել: Ես հիմա ամուսնացած եմ, ես ու կինս երեխայի ենք սպասում, ես ուզում եմ իմ երեխան իմ կողքին լինի, ուզում եմ նոր ծնվող երեխայիս հետ իմ աղջկան էլ մեծացնել»:

Մեր տեղեկություններով՝ Սիլվան ութ ամիս է, ինչ ամուսնացած էր Ալավերդիում: Հարևաններից մեկի պատմելով՝ ընտանիքը, որտեղ նա հարս է եկել, բավականին «տարօրինակ» է.

«Ամուսնու քույրերից մեկը հիմա գտնվում է հոգեբուժարանում, մյուսը 2-րդ, թե 3-րդ անգամն է ամուսնացել, ամուսինը նույնպես հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի»: