Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը մանրամասնում է Պուտինի հետ հանդիպման արդյունքները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնությունում հանդիպումների ընթացքում առանձնակի ուշադրության է արժանացրել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերվող հարցերը: Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության կատարած պաշտոնական այցին, շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնության գործընկերներին ջերմ ընդունելության համար: Փաշինյանն այդ այցը արդյունավետ է համարում:

«Կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերեցինք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման սկզբունքների հարցում` արձանագրվելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մոտեցումների նույնականացումը: Տվյալ հարցում կարող ենք արձանագրել գործնականում մեր բոլոր միջազգային գործընկերների դիրքորոշումների ընդհանրությունը: Եվ այս ֆոնին կրկին ուզում եմ վերահաստատել` Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը օր առաջ մեկնարկել արևելքը արևմուտքին կապող երկաթուղագծի և ավտոճանապարհների շինարարությունը Հայաստանի Հանրապետության տարածքով»,- ասաց վարչապետը:

Երկրի ղեկավարը հույս ունի, որ այս հարցով զբաղվող եռակողմ աշխատանքային խումբը` Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետերի համանախագահությամբ առաջիկայում կկարողանա գործընթացը մեկնարկելու համար անհրաժեշտ փաստաթղթեր մշակել և համաձայնեցնել: