Search
Close this search box.

Կորսված իրավիճակ է, կատարվելիքն արդեն կատարվել է․բայց ինչու ունեցանք տարբերվող իրավիճակ․ Գլխավոր դատախազը Հովիկ Աբրահամյանի տան վաճառքի ու իրեն տանջող խնդրի մասին

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում անդրադարձավ նախկին վարչապետ Հովիկ Արահամյանի առանձնատասն վաճառքին։ Ավելի վաղ Արթուր Դավթյանն ասել էր, որ տարակուսած է, թե ինչպե՞ս է վաճառվել նախկին պաշտոնյայի՝ կալանքի տակ գտնված գույքը։

«Ինչո՞ւ եմ ասել՝ տարակուսած եմ, որովհետև մենք ունեցել ենք օրենքով նախատեսված և պրակտիկ համագործակցություն նախաքննական մարմնի հետ։ Դա այն է, որ յուրաքանչյուր այն դեպքում, երբ գույքի հետ կապված նախաքննական մարմինը սահամանափակումեր է կիրառել, դրանք կիրառվել են համապատասխան դատավարական որոշումներով, որոնց մասին մենք տեղեկացել ենք։ Այսինքն՝ մենք գիտենք, որ կոնկրետ գույքի նկատմամբ կա սահմանափակում, որն օրինական է։ Անձը այս հարցը վիճարկում է դատարան, գնում ենք դատարան, քննության արդյունքում բազմաթիվ դեպքերում դատարանը ֆիքսում է, որ հիմնավոր չէ մեր սահմանափակում կիրառելը։ Դրա արդյունքում, քանի որ բողոքարկող սուբյեկտը միայն մենք ենք, մենք որոշում ենք՝ բողոքարկում ենք, թե ոչ։

Երբ մենք չենք բողոքարկել, քննիչին ասել ենք, որ մենք գտնում ենք, որ դատական ակտն իրավաչափ է, այսինքն՝ սահմանափակումները պետք է հանվեն։ Բազում դեպքերում նախաքննական մարմինը նույնիսկ գրավոր հարցում ունի՝ խնդրում եմ հայտնեք, այս դատական ակտը բողոքարկվել է, թե ոչ։ Կոնկրետ այս իրավիճակում պատկերացրեք մենք բողոքարկման ժամկետի մոտավորապես կեսերում ենք և բողոքն ենք պատրաստում, որ պետք է տանենք, ու մեկ էլ տեղեկանում ենք, որ նախաքննական մարմինն արդեն իսկ այդ սահմանափակումը հանելու ուղղությամբ գործողություններ է կատարել։ Այս իրադրության մեջ դատախազին ի՞նչ էր մնում անելու, մնում էր առնվազն քննիչի ձեռքը բռնած պահել այս օրերի ընթացքում, էն էլ պետք է արվեր այն դեպքում, եթե այդպիսի կասկած կար։ Բայց չի եղել այդպիսի կասկած»,- ասաց նա։

Արթուր Դավթյանը նշեց, որ արդեն կորսված իրավիճակ է, կատարվելիքն արդեն կատարվել է։ «Ազգային անվտանգության ծառայության քննչական մարմնում հարուցված է քրեական գործ, այդ քրեական գործի ընթացքում մենք կձեռնարկենք բոլոր միջոցները՝ պարզելու համար, թե ինչու կոնկրետ իրավիճակում ունեցանք պրակտիկայից տարբերվող իրավիճակ։ Մենք քրեական գործով այդ գույքը ճանաչել ենք իրեղեն ապացույց, կրկին միջոցներ ենք ձեռնարկել՝ սահմանափակումներ կիրառելու, որպեսզի դրա հետ կապված գոնե նոր գործարքներ չիրականացվեն»,- հավելեց նա։