Search
Close this search box.

Պեկինը սպասում է «միջանցքին». Ինչ ենթակառուցվածքներ է կոչ անում ապաշրջափակել Չինաստանը Հայաստանին

Ապրիլի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ։ Կարևորվել է ենթակառուցվածքների զարգացումը և լոգիստիկ մարտահրավերների հաղթահարումը: «Այս համատեքստում շեշտվել է տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացի անհրաժեշտությունը»,- ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Չինաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ Վան Ին վստահեցրել է, որ Չինաստանը կշարունակի հարգել Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև «աջակցել հայ ժողովրդի ընտրած զարգացման ուղուն՝ հաշվի առնելով երկրի իրողությունները»։

Ի՞նչ է նշանակում «աջակցել հայ ժողովրդի ընտրած զարգացման ուղուն՝ հաշվի առնելով երկրի իրողությունները» արտահայտությունը։ Եվ ինչպե՞ս է դա կապված հաղորդակցությունների ապաշրջափակման հետ:

Արարատ Միրզոյանը Վան Յիի հետ զրուցել է Մոսկվայից,Հայաստանի կառավարական պատվիրակության կազմում։ Ռուսաստան կատարած այցի արդյունքներով Փաշինյանի և Պուտինի համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ ռուսական կողմը պատրաստ է մասնակցել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի, այդ թվում՝ Սյունիքի և Հայաստանի Հանրապետության այլ մարզերի երկաթուղու վերականգնման ծրագրերին։

Նախօրեին Չինաստանի իշխանությունները հայտարարել են Սիան քաղաքից (հյուսիսարևմտյան Շենսի նահանգ) դեպի Գերմանիայի Մանհայմ քաղաք բեռնատար գնացքների նոր երթուղու գործարկման մասին, որը շրջանցելու է Ռուսաստանը։ Երթուղին խառը երկաթուղային և ծովային է և անցնելու է Ղազախստանով, Ադրբեջանով, Վրաստանով, Ռումինիայով, Հունգարիայով, Սլովակիայով, Չեխիայով՝ անցնելով Կասպից և Սև ծովերով։ Ընդհանուր երկարությունը կկազմի 11,3 հազար կմ։ Առաջին գնացքը Սիանից մեկնել է ապրիլի 13-ին։

Ըստ Xi’an Free Trade Port Construction and Operation Co-ի ղեկավար Յուան Սյաոջունի, որը մեջբերում է Xinhua լրատվական գործակալությունը, նոր երթուղին ընդգրկում է այն երկրներն ու շրջանները, որոնցով Չինաստան-Եվրոպա քիչ գնացքներ էին անցնում:

2021 թվականի ամռանը Բաքվում Չինաստանի դեսպան Գուո Մինը Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքը կնպաստի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տրանսպորտային նախագծին։ Հայաստանում Չինաստանի դեսպանը հերքել էր այդ տեղեկությունն, ասելով, թե չինական կողմը չի խոսել «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը ներառված են չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում, ասել էր Ֆան Յուն։

Այնուամենայնիվ, Չինաստանի կողմից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով նոր երթուղու բացումը և Հայաստանին «հաղորդակցությունները բացելու» կոչը վկայում են այն մասին, որ Պեկինը սպասում է «միջանցքին»։

Չինաստանը 2020-ի հոկտեմբերին ՌԴ խնդրանքով արգելափակեց Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերաբերյալ բանաձեւը։ Թուրքիան այն ժամանակ Պեկինին «նոր բացվող» հաղորդակցություններում արտոնյալ պայմաններ խոստացավ։