Search
Close this search box.

Վահան Շիրխանյանի խափանման միջոցը դատարանը մերժեց, նա կմնա կալանքի տակ

ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատավարությունը: Դատական նիստին ամբաստանյալ Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդություն ներկայացրեց  դատավոր Արմեն Բեկթաշյանին, որպեսզի խափանման միջոց կալանքը վերացվի կամ իր պաշտպանն ազատ արձակվի  գրավի դիմաց: Վահան Շիրխանյանը 70 տարեկան է, ունի առողջության հետ կապված խնդիրներ և վիրահատվել է կալանքը կրելու ժամանակ, այսպես հիմնավորեց փաստաբանը իր միջնորդությունը, որին միացան մյուս պաշտպանները ևս, սակայն դատախազն առարկեց այն, իսկ խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո  հետո նույն քայլին  դիմեց նաև նիստը նախագահող Արմեն  Բեկթաշյանը:

Նիստին դատարան էր հրավիրվել գործով մեղադրյալ Լիլիթ Թորոսյանը, նա  հրաժարվեց պատասխանել դատարանի հարցերին, հրաժարվեց նաև ցուցմունք տալ, ընդհանրապես: Պաշտպան Հայկ Ալումյանը ևս չէր ցանկանում, որպեսզի հրապարակի Լիլիթ Թորոսյանի նախաքննական ցուցմունքները, քանի որ, այդ ցուցմունքների հիման վրա են կազմվել Վահան Շիրխանյանի մեղադրանքի ամբողջ հիմքը: Իսկ դատարանում ցուցմունք չտալու դեպքում՝ ցուցմունքի հրապարակումն ու օգտագործումը դատավճիռ կայացնելիս անթույլատրելի է: Պաշտպան Հայկ Ալումյանը լուրջ կասկածներ ունի, որ Լիլիթ Թորոսյանը համագործակցել է ԱԱԾ-ի հետ մինչև Վահան Շիրխանյանի հետ ծանոթանալը: «Նա Շիրխանյանի հետ խոսակցությունները վարել է` ունենալով ԱԱԾ հանձնարարությունը, և մի շարք հարցեր ունեմ նրան տալու: Սակայն նա հրաժարվում է ցուցմունք տալուց, այդ պատճառով էլ միջնորդում եմ չհրապարկել նրա նախաքննական ցուցմունքը»,- դատարանում նշեց Հ. Ալումյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից՝  հանցավոր համագործակցություն ստեղծել և դրան մասնակցել, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել կամ կրել մեղադրանքով,  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով, 235–րդ հոդվածի 3-րդ մասով: