Search
Close this search box.

ՖՈՏՈ. Արտակարգ իրավիճակ Երևան-Սևան ճանապարհին. մի քանի կիլոմետր մերկասառույց ճանապարհը դարձել է 30-ից ավելի ավտոմեքենաների վթարի պատճառ

Արդեն 3 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում մոտ 16 կիլոմետր ճանապարհահատվածն ամբողջովին պատված է մերկասառույցով, ինչի հետևանքով մոտ 30 ավտոմեքենաներ տարբեր հատվածներում վթարի են ենթարկվել:

Հետաքննիչները պարզում են վարորդների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքված վարորդները ասում են. «Քանի ժամ է, ճանապարհի մերկասառույցի պատճառով իրար հետևից վթարներ են տեղի ունենում: Ճանապարհը մշակված չէ, աղ ու ավազ լցված չի ու դրա պատասխանատուն ճանշինն է: Մեր ներկայությամբ «գաի» տեսուչները արդեն մի քանի անգամ զանգահարել են ճանշին, խոստացել են, որ կգան, բայց 3 ժամ է, չկան, ասես հօդս ցնդած լինեն: Բա հիմա ով է պատասխան տալու իրենց չարած աշխատանքի հետևանքով էսքան մարդկանց պատճառված վնասի համար»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն ժամանել են նաև մի քանի ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ, ովքեր կատակով ասում էին. « Ճանշինի խերն ա, հիմա էսքան միլիոնների փոխհատուցում ոնց ենք տալու»:

Կայքը հայտնում է նաև, որ խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի և դրա պատճառը դարձյալ ճանապարհի մերկասառույցն է ու ճանշինի անգործությունը: