Search
Close this search box.

ՖՈՏՈ. Դիրքերից պայմանագրային զինծառայող է կորել. կինն ահազանգում է, ՊՆ-ն հաղորդագրություն չի տարածում

Պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանը 2021 թվականի նոյեմբերի 12-ից անհետ կորած է: Այս մասին forrights.am-ին հայտնում է կինը՝ Լիանա Մելիքսեթյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ Պաշտպանության նախարարությունը երեք ամիսց ավելի է ամուսնու անհետ կորելու փաստի առնչությամբ հաղորդագրություն չի տարածել:

Կինը մանրմասնելով ամուսնու անհետանալու տեղեկությունը նշում է, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին ժամը 15:30-ից հետո: Վահե Մանուկյանը ծառայակից ընկերների խնդրանքով գնում է հարևան դիրքից ծանրոց բերելու և չի վերադառնում:

«Դիրքերում ընկերներից մեկը Վահեին խնդրում է գնալ մյուս պոստից իր վեշը բերել, քանի որ ոտքից վիրավոր է լինում, իրենք պատերազմի մասնակիցներ են: Ամուսինս չի մերժում, գնում է: Ընկերոջ վեշը վերցնում է, հետը երկու հատ էլ շուն է լինում, հետ վերադառնալու ամբողջ ճանապարհին հեռախողով իմ հետ է խոսում: Խոսակցությանա ընթացքում տղայիս է ուզում, տղաս էլ դրսում է լինում, մինչև կանչում եմ, հետ եմ գալիս, նորից եմ զանգում, արդեն անհասանելի է լինում: Իմ մտքով չի անցնում, որ ինքը կորել է: Ինձ, երեկոյան Վայքի ռազմական ոստիկանությունն է գալիս, տեղեկացնում: Ճանապարհին կորում է, սա ոնց հասկանանք: Ընկերներն էլ մինչև ժամը վեցը-յոթը չեն իմացել, որ ամուսինս չկա: Շատ ուշ են սկսել փնտրել»,- ասաց Լիանա Մելիքսեթյանը:

Վահե Մանուկյանի անհետ կորելուց միայն տասը օր անց՝ 2021 թվականի նոյեմբերի 22-ին, ՊՆ Ռազմական ոստիկանության Վայքի բաժնում հարուցվում է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսրգրքի 361-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով: Քրգործն այժմ գտնվում է ՀՀ Քննչական կոմիտեում: Կինն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ամուսնու նկատմամաբ քրգործը հարուցվել է մարտական դիրքն ինքնակամ թողնելու և չհայտնաբարեվելու փաստի կապակցությամբ: Վահե Մանուկյանին սպառնում է կալանք` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով:

«Փոխանակ գրեն, որ անհետ կորած է, քրեական գործում գրում են դիրքերը լքած՝ դասալիք: Իմ վարկածն այն է, որ Վահեն գերի է ընկել կամ գլխին սարքելով սպանել են»,- ասում է կինը:

Վահե Մանուկյանի անհետանալու դեպքին ԱԺ-ում անդրադարձել էր Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և նշել, որ հրապարակային ոչինչ չի կարող ասել: Նա անպատասխան էր թողել նաև դեպքի վերաբերյալ հայտարարություն չտարածելու հարցը: Պայմանագրային զինծառայողի կնոջ հույսն այժմ մնացել է լրատվամիջոցներով խնդիրը բարձրաձայնելը:

«Ես դիմել եմ Նիկոլ Փաշինյանին, բայց նամակը գնացել է պաշտպանության նախարարություն: Ինձ պատասխանել են, որ իմ ամուսինն ինքնակամ թողել է դիրքը: Խոսել եմ նաև ծառայակիցների հետ, նաև այն մարդու, որ իրեն վեշի հետևից էր ուղարկել, ինձ ասաց, որ պատասխան չունի տալու: Ես անձամբ իր հետ խոսել եմ, հարցրել եմ՝ այսքան ժամանակ է այս մարդը չկա, ինչ-որ մի բան չունես ասելու, պատասխանել է՝ ոչ»,- նշում է կինը:

Պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանը 33 տարեկան է՝ Վայոց Ձորի Գլաձոր համայնքից: Ընտանիքի հետ բնակվում է Եղեգնաձոր քաղաքում: Կինը նշում է, որ ամուսինը վերջին անգամ էր բարձրանում դիրքեր, լրանում էր նրա պայմանագրի ժամկետը, սակայն, իջնելուց հետո պետք է այն երկարաձգեր:

Վահե Մանուկյանը երեք անչափահաս տղա ունի՝ չորս, վեց և յոթ տարեկան: Մայրը երեխաների հետ բնակվում է վարձով: Պետությունը Վահեի աշխատավարձը ընտանիքին չի փոխանցում, քանի որ պայմանագրային զինծառայողին համարում են դիրքը ինքնակամ լքած զինծառայող:

Մենք հարցումներ ենք ուղարկել ՊՆ և ՀՀ Քնչական կոմիտե, պատասխանները ստանալուն պես կհրապարակենք: