Search
Close this search box.

Մի քանի ժամում՝ ոչ մի բառ․ Նիկոլ Փաշինյանը կհետևի Արմեն Սարգսյանին

Հայաստանի նախագահի հրաժարականից հետո և իր ասուլիսից մի քանի ժամ առաջ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Հանդիպումից հետո հաղորդվել է միայն այն մասին, որ ՀՀ կառավարությունն այս տարի Արցախին կտրամադրի 144 մլրդ դրամ։ Ընդ որում, ներկայացվել է այնպես, իբր Փաշինյանը մեծ շնորհ է անում Արցախին։

Այնուհետև, արդեն ասուլիսի ժամանակ, պատասխանելով Արցախի վերաբերյալ բազմաթիվ հարցերին, Փաշինյանը ոչ մի բառ անգամ չասաց Արցախի ինքնորոշման իրավունքի, անկախության ճանաչման, վերամիավորման մասին։ Ընդհանրապես, առանձնակի կերտվածք է պետք ունենալ՝ մի քանի ժամ տեւած ասուլիսում հայերի իրավունքների մասին մի բառ չասելու համար։

Խոսելով Մադրիդյան սկզբունքների մասին՝ նա հիշատակել է միայն տարածքային ամբողջականությունը՝ չխոսելով ինքնորոշման, իսկ ամենակարեւորը՝ ուժի չկիրառման սկզբունքի մասին։ Նա չի ասել, որ Բաքուն փորձել է հակամարտությունը լուծել ուժային ճանապարհով, փոխարենը կրկին որոշել է ապացուցել, որ Արցախը երբեք չի դիտարկվել զուտ հայկական տարածք։ Ավելին, Փաշինյանն ինչ-որ փաստաթղթի մասին է խոսել, որոնցով իբր ճանաչվում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։

Փաստաթղթեր ուսումնասիրող Փաշինյանի «հետախույզները» համառորեն չեն տեսնում Հայաստանի և Արցախի խորհրդարանների 1989 թվականի դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշումը, ոչ էլ ընդունված օրենսդրական ակտերը, որոնց համաձայն Արցախը չի կարող դիտարկվել Ադրբեջանի կազմում։

Խղճուկ մանիպուլյացիաները վկայում են այն մասին, որ Փաշինյանը համաձայնել է Արցախը ճանաչել որպես «Ադրբեջանի ամբողջականության» մաս, գուցե նույնիսկ ստորագրել է պարտավորեցնող փաստաթղթեր։

Նիկոլ Փաշինյանը պետք է հետևի Արմեն Սարգսյանին, եւ այդ պահը հանրությունը պետք է հնարավորինս մոտեցնի։
lragir.am