Search
Close this search box.

Արցախում ռուս խաղաղապահ զորամասն ունի նոր հրամանատար. ինչ ճանապարհ է անցել նա 

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորամասն ունի նոր հրամանատար։ Վերջինս Անդրեյ Վոլկովն է։ 2020 թվականի նոյեմբերից սկսած՝ նա ԼՂ ռուս խաղաղապահ զորամասի արդեն չորրորդ հրամանատարն է։ Վոլկովը նշանակվել է հունվարի 11-ին եւ անմիջապես իր նշանակումից հետո սկսել է պաշտոնական հանդիպումներ ունենալ հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ։

Անդրեյ Վոլկովը գեներալ մայոր է, ԼՂ-ում է 2020 թվականից, հանդիսացել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի  տեղակալը, երբ վերջինս էր հանդիսանում խաղաղապահների հրամանատարը մինչեւ 2021 թվականի մայիսը։ Նախքան այս նշանակումը, հանդիսացել է Հարավային ռազմական օկրուգի ռադիացիոն, կենսաբանական եւ քիմիական պաշտպանության զորքերի հրամանատարը։ Ի դեպ, Վոլկովը նշանակման մասին լուրի հրապարակումից անմիջապես հետո՝ հունվարի 12-ին նախ մեկնել է Բաքու եւ հանդիպել Զաքիր Հասանովի հետ, ապա՝ Երեւան է ժամանել հունվարի 13-ին եւ հանդիպել ՀՀ Պնախարար Սուրեն Պապիկյանի հետ։

Գեներալ Վոլկովը ծնունդով ՌԴ Կոստրոմայի մարզից է։ Ուսանել է Կոստրոմայի բարձրագույն զինվորական ուսումնարանում, ծառայել Հյուսիս-Կովկասյան ռազմական օկուգում, ապա կամավոր որպես մեկնել է Աֆղանստան։ Աֆղանստանում ծառայության համար արժանացել է «Մարտական վաստակի համար» մեդալով եւ «Աստղի» շքանշանով։ Ուսանել է Ռադիացիոն, կենսաբանական եւ քիմիական պաշտպանության զորքերին կից գործող ռազմական ակադեմիայում, որից հետո էլ առաջարկվել է, որ ղեկավարի նույնանուն զորքերը Կովկասում։ Մասնակցել է Չեչենական պատերազմին, որի ընթացքում վիրավորվել է։ Գնդապետի զինվորական կոչում ստացել է վաղաժամ, ստանալով նաեւ Արիության շքանշան։ Մասնակցել է նաեւ Սիրիական ռազմարշավին, արժանացել «Մարտական վաստակի համար» պետական բարձր պարգեւի։