Search
Close this search box.

Ուղիղ միացում. Քաղաքապետը խնդրեց` չխաբել իրեն, որովհետև կարճ ժամանակ անց դա կբացահայտվի

Այսուհետ Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հանդիպումները ժամանակ առ ժամանակ ուղիղ եթերով կհեռարձակվեն։ Համապատասխան որոշումը կայացրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Քաղաքապետարանը լուծում է քաղաքի բազմաթիվ խնդիրներ, բայց տպավորություն է ստեղծվում, որ դրանք անտեսանելի են մնում քաղաքի բնակիչների համար»,- ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` կլինեն աշխատանքային խորհրդակցություններ, որոնք կանցկացվեն դռնփակ, բայց հիմնականում նախատեսում են դրանք հեռարձակել։ Այսկերպ բնակիչներն ավելի լավ կհասկանան քաղաքի խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ քաղաքային իշխանությունների կողմից իրականացվող աշխատանքների ծավալը։

Նա նաև կոչով դիմեց քաղաքապետարանի և թաղապետարանների աշխատակիցներին՝ հորդորելով ժամանակին գալ աշխատանքի։
Սարգսյանը պարզաբանեց, որ բոլորի, հատկապես վարչակազմերի ղեկավարների աշխատանքը պետք է սկսվի ժամը 09:00-ից։ Նրա խոսքով`խնդիր է, երբ ինչ-որ հարցով զանգահարում են աշխատակիցներից մեկին, բայց նա աշխատանքային ժամին աշխատանքի չէ։
«Վստահեցնում եմ, որ եթե բոլորը ժամանակին սկսեն իրենց աշխատանքը, ժամը 18:00-ից հետո քաղաքապետարանում մնալու և աշխատելու կարիք չի լինի»,- ասաց Սարգսյանը։

Քաղաքապետը նաև խնդրեց չխաբել իրեն, որովհետև կարճ ժամանակ անց դա կբացահայտվի։

«Ես թիմային աշխատող եմ, ինձ նոր չեք ճանաչում, և ուզում եմ, որպեսզի բոլորս համատեղ ուժերով արդյունքներ գրանցենք»,–ասաց նա։
Նրա խոսքով`նույնիսկ ամենածանր պահերին պետք է բոլոր խնդիրները քննարկել և համատեղ որոշումներ կայացնել։