Search
Close this search box.

Ինչու հրաժարական տվեց Արմեն Սարգսյանը

Հրաժարականի ուղերձում Արմեն Սարգսյանը նշում է պատճառները, ըստ որոնց՝ նախագահը չունի սահմանադրական անհրաժեշտ լիազորություններ երկրի արտաքին ու ներքին քաղաքականության վրա ազդելու, ճգնաժամը կանխելու համար՝ «Նախագահը ստիպված է պետականության երաշխավոր լինել՝ փաստացի չունենալով որևէ իրական գործիք»։

Արմեն Սարգսյանը նշում է, որ նախագահի հնարավորությունները տարբեր քաղաքական խմբեր ընկալում են որպես սպառնալիք, նախագահական ինստիտուտը դարձել է բամբասանքների ու դավադրության տեսությունների թիրախ, նախագահը եւ երբեմն նաև նրա ընտանիքը թիրախավորվում են տարբեր քաղաքական խմբավորումների կողմից։

Արմեն Սարգսյանը որոշակի ակնարկներ է անում նաեւ առաջիկայում սպասվող արմատական իրադարձությունների վերաբերյալ, ինչը քաղաքագետների շրջանում ենթադրության տեղիք է տվել, որ նա չի ցանկանում ստանձնել այդ իրադարձությունների եւ ՀՀ կառավարության կայացրած կամ կայացնելիք որոշումների պատասխանատվությունը։

Արմեն Սարգսյանը հիմնավոր պատճառներ է բերում, թեեւ նույնքան հիմնավոր վերպահումներ կարող են լինել։ Մասնավորապես, երբ նա ստանձնում էր նախագահի պաշտոնը, ենթադրվում է, որ կարդացել էր Սահմանադրությունը եւ գիտեր իր լիազորությունների մասին։

Բացի այդ, ստանձնելով նախագահի պաշտոնը, ենթադրվում է, որ Արմեն Սարգսյանը ծանոթ էր հայկական քաղաքական դաշտին, որը միայն պայմանական կարելի է կոչել այդպիսին։ Այդ դաշտում վխտում են գերազանցապես բարդույթավորված, կենցաղային պատկերացումներով մարդիկ, որոնք կապ չունեն քաղաքականության հետ եւ որոնց պատկերացումը քաղաքականության մասին հանգում է բամբասանքին ու դավադրություններին։

Ենթադրվում է, որ Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնը ստանձնել է՝ քաջ տեղյակ լինելով այս հանգամանքներին, եւ ըստ այդմ խնդիրն այլ տեղ է եւ կապված է առաջիկա զարգացումների հետ, որոնք ենթադրում են հայկական պետականության վերացումը։ Մոսկովյան այս ծրագիրը Ղազախստանի եւ Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին մտել է հանգուցալուծման շրջան, որն արտահայտվեց Կրեմլի ու ՌԴ ԱԳՆ՝ Հայաստանին ներկայացված վերջնագրով՝ «սահմանազատման» ու զորքերը «հայելային» հետ քաշելու ձեւով։

Մոսկվայի այս ծրագիրը ենթադրում է հայկական պետական ինստիտուտների կազմաքանդումը, ինչը հաջողությամբ իրականացնում է ՔՊ-ական իշխող խմբակը։ Մոսկովյան քվոտաներով վերացված ԱԺ-ին, ԱԳՆ ջախջախմանը, բանակի «բարեփոխումներին», ՏԻՄ ոչնչացմանն ավելանում է նախագահի՝ որպես ինքնիշխան պետականության երաշխավորի ինստիտուտի կազմաքանդումը, սեփական պարտականություններից դրանց «ինքնամեկուսացման» պայմաններում։

Արմեն Սարգսյանը 1996-ին հեռացավ «առողջական պատճառներով»։ Ներկայիս հրաժարականի տեքստն ավելի «բովանդակալից» է, բայց հիմա կիսատ-պռատ ակնարկների ու խղճուկ տրտունջների ժամանակը չէ։ Քաղաքական քաջությունն ու երկրի հանդեպ մտահոգությունը պետք է արտահայտվեն այլ տեսքտերով ու այլ ձեւակերպումներով։ Հակառակը պարզ փախուստն է։
lragir.am