Search
Close this search box.

Ի՞նչ սահմանափակումներ են վաղվանից ուժի մեջ մտնում

Վաղվանից՝ հունվարի 22-ից, ուժի մեջ են մտնում հանրային վայրեր այցելությունների նոր սահմանափակումները (ՀՀ առողջապահության նախարարի թիվ 02-Ն հրաման)։

Տեսչական մարմինները և ոստիկանությունը զգուշացնում են՝ վաղվանից հանրային սննդի և հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, մարզասրահ, գրադարան, թանգարան, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություն մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք, կամ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի QR կոդի միջոցով կամ թղթային տարբերակով։

Խախտումների դեպքում տնտեսավարող սուբյեկտները ենթարկվելու են վարչական պատասխանատվության։

Առողջապահության նախարարությունից ավելի վաղ պարզաբանել էին՝ վերը նշված պահանջը չի վերաբերում.

մինչև 18 տարեկան անձանց՝ անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում,

հղիներին՝ հղիության մասին բժշկական փաստաթուղթ (առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից տրված առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 88-Ն հրամանի պահանջների համաձայն) ներկայացնելու դեպքում,

փաստագրված բացարձակ հակացուցում ունեցողներին՝ բացարձակ հակացուցման մասին բժշկական փաստաթուղթ (առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից տրված առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 88-Ն հրամանի պահանջների համաձայն) ներկայացնելու դեպքում,

նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացածներին՝ ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքը հավաստող Էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական ԱՐՄԵԴ համակարգից արտածված սերտիֆիկատ ներկայացնելու դեպքում։
Ավելի վաղ հայտնել էինք՝ հրապարակվել է ՀՀ առողջապահության նախարարի թիվ 02-Ն հրամանը՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: