Search
Close this search box.

Հարվածից հետո դանակը մնացել էր նրա պարանոցում․ ով է եղել Աբովյանում սպանության հեղինակը

Հունվարի 20-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ ստացվեց, որ Աբովյան քաղաքի Դարանի 2-րդ շենքում դանակահարություն է եղել։ Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր։ Դանակահարությունը կատարվել էր շենքի 3-րդ մուտքում՝ 25 բնակարանի դիմաց։ Տուժողը հենց այդ բնակարանի բնակիչ, 36-ամյա Արտակ Օվակյանն էր, որը շտապօգնության մեքենայով Աբովյան բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էր։

Տեղում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Կոտայքի ոստիկանները պարզեցին հետևյալը։ Նախնական տվյալներով՝ նույն շենքի բնակիչ, 33-ամյա երիտասարդը անհիմն վիճել էր հարևանի հետ և դանակով խփել նրա պարանոցին։ 36-ամյա Արտակ Օվակյանը ստացել էր կյանքի հետ անհամատեղելի վնասվածք։ Հարվածից հետո դանակի շեղբը մնացել էր նրա պարանոցում, իսկ բռնակը՝ կոտրվել։ Այն հայտնաբերվել է դեպքի վայրի զննությամբ։

Կասկածվողը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին, ներկայացվել դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։

Սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվում են դեպքի հանգամանքներն ու շարժառիթը։