Search
Close this search box.

Բաքուն մերժել է ՀՀ իշխանության առաջարկը

Ադրբեջանը աջակցում է Հայաստանի հետ սահմանազատման գործընթացի մեկնարկին առանց որևէ պայմանի, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ հանդիպմանը։

Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հաստատել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե Երևանը Մոսկվայի միջոցով սահմանազատման վերաբերյալ առաջարկներ է ուղարկել Բաքու։ Երեկ Միրզոյանը բացատրեց, որ առաջարկները վերաբերում են Սոթք-Խոզնավար հատվածից զորքերի հայելային հետքաշմանը։

Բաքուն փաստորեն չի ընդունել առաջարկը՝ դրանով իսկ հաստատելով, որ չի լքի մայիսի 12-ից պարբերաբար հարձակումների արդյունքում Հայաստանի օկուպացված տարածքը։ Հատկանշական է, որ Բայրամովն այս մասին ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը։ Չնայած այն հանգամանքին, որ ԵԱՀԿ-ն ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներ փնտրելու միակ մանդատը, Հայաստանը Բաքվի հետ շփվում է ոչ թե համանախագահների, այլ Լավրովի միջոցով։

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Բայրամովի հայտարարությանը։ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանն ընդգծել է, որ նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների կողմից ընդունված եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ կողմերը պայմանավորվել են «քայլեր ձեռնարկել ադրբեջանահայկական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը տանել դեպի սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի ձևավորում»: Զորքերի հետքաշման գործընթաց սկսելու մասին պայմանավորվածություն է ձեռքբերվել դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում, նշված է հաղորդագրությունում։

Այսպիսով, Բաքուն հրաժարվում է զորքերի հետքաշման մասին Բրյուսելի պայմանավորվածությունից։ Իր հերթին, Մոսկվան համարում է, որ Բաքվի ներխուժումը «սահմանների խախտում» չէ։ Մոսկվան նկատի ունի խորհրդային սահմանները. այսինքն՝ ներխուժումները դարձել են «խորհրդային ​​քարտեզների հիման վրա սահմանազատման նախապատրաստությունը»։

Մոսկվան ոչ մի անգամ չի դատապարտել Բաքվի ներխուժումները, դրանք համարելով «սահմանային միջադեպեր»։ Երեւանը կատարում է Բաքվի եւ Մոսկվայի հրահանգները՝ հայտարարելով, որ «սահմանազատումը Ղարաբաղի հետ կապ չունի» եւ վերաբերում է միայն «հայ-ադրբեջանական սահմանին»։

Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հարցրել է՝ եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցություններ տեղի չունենան, բայց խոսվի սահմանազատման/սահմանագծման մեկնարկի մասին, իսկ հայկական կողմը չհայտարարի, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը խնդրահարույց է, այդ պարագայում խնդիրներ կառաջանա՞ն Հայաստանի համար։ Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը նշել է. «Խնդիրը երբեք տարածքային չի եղել, մեզ համար միշտ եղել է ԼՂ ժողովրդի իրավունքների խնդիր»։

Իր հերթին, Նիկոլ Փաշինյանը, օգտագործելով դեմագոգիայի իր ողջ հմտությունը, խորհրդարանում այդպես էլ չարտաբերեց «Արցախը միշտ հայկական կլինի և Արցախը Հայաստան է» բառերը։

Փաստորեն, Հայաստանը որպես սահմանազատման նախապայման չի առաջադրում թշնամու զորքերի դուրսբերումն իր տարածքից և Բաքվին չի մեղադրում հակամարտությունը ուժային ճանապարհով լուծելու մեջ։ Փոխարենը Երեւանը պատրաստ է զորքերը հետ քաշել սեփական տարածքից։ Ինչո՞ւ պետք է Բաքուն համաձայնվի դուրս բերել զորքերը, եթե ոչ ոք չի պահանջում:
lragir.am