Ինչպես արդեն հայտնել էինք, Auroranews-ը ահազանգ էր ստացել Մեղրիի բնակիչներից։ Վերջիններս նշել էին, որ Մեղրի-Ագարակ ճանապարհին արգելափակիչներ են տեղադրվում և ճանապարհը հսկվելու է ռուս զինծառայողների կողմից։

Քաղաքացիներն ասում են, որ սրա մեջ վատ բան առայժմ չեն տեսնում, բայց վախեր ունեն, որ այս ամենն արվում է միջանցքային տրամաբանության մեջ և Հայաստանն ի վերջո տրամադրելու է տարածք՝ այդքան քննարկված միջանցքի համար։

Auroranews-ը կապ էր հաստատել ՀՀ կառավարություն՝ տեղեկությունը ճշտելու համար: Կառավարությունից ուղղորդեցին Սյունիքի մարզպետարան, որտեղից էլ քիչ առաջ պարզաբանեցին. «ՌԴ անվտանգության դաշնային ծառայության՝ ՀՀ-ում տեղակայված սահմանապահ վարչության կողմից Մեղրի համայնքի հարևանությամբ արդիականացվել են շարժական ուղեփակոցները։ Ուղեփակոցների առկայությունը նորություն չէ, դրանք տեղադրված են եղել ավելի վաղ և չեն հանդիսանում հսկիչ անցակետեր։ Շարժական ուղեփակոցների գործածությունը բխում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության գործառույթներից»։

Մեր ճշգրտող հարցին՝ արդյոք այդ ամենը կատարվում է «միջանցքային տրամաբանությոան» շրջանակներում, Սյունիքի մարզպետարանի խոսնակ Արմինե Ավագյանը պատասխանեց, որ «միջանցքի» հետ բնականաբար կապ չունի:

Հիշեցնենք նաև, որ թեմայի հետ կապված զրուցել էինք նաև Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանի հետ, վերջինս ասել էր՝ աշխատանքները ռուսներն են կատարում, բայց քաղաքական որակեց հարցը և չպատասխանեց՝ մտավախությունները տեղի՞ն են, որ այս ամենը կատարվում է «միջանցքային տրամաբանությոան» շրջանակներում։