Search
Close this search box.

Ի՞նչ է ասում Սյունիքի մարզպետը

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն անդրադարձել է Սյունիքի մարզպետարանի շուրջ տեղի ունեցող աղմկահարույց բացահայտումներին, նաև վերջին շրջանում մամուլում շրջանառվող այն տեղեկությանը, թե իր բուհական կրթության դիպլոմը կեղծ է: Մարզպետի դիտարկմամբ՝ այդ հրապարակումներին պատշաճ ուշադրություն չի դարձվում, ինչի հետևանքով «սուտը և կեղծիքը շարունակում են թևածել սոցիալական ցանցերում»:

«Հարկ եմ համարում անդրադառնալ համացանցում լրատվական մի շարք կայքերի միջոցով վերջերս շրջանառվող մի «բացահայտման», որի համաձայն, իբր, կեղծ է բուհական կրթության դիպլոմս:

Իհարկե, կարելի էր թեման փակված համարել այն բանից հետո, երբ ՀՀ ԿԳՄՍ նախարարը և «Սյունիք» ինստիտուտի հիմնադիր-տնօրենը սպառիչ ու հիմնավոր պարզաբանումներով հերքեցին այդ հնարանքը:

Այդուհանդերձ, որոշ հարցերի վրա կուզենայի հայացք ձգել:

Նախ՝ ինչ-որ լրատվամիջոցներ, ինչ-որ լրագրող-վարձկաններ (հայտնի աղբյուրներից սնվող) այնպիսի կրքոտությամբ ու մոլագարությամբ են լծվել Սյունիքի մարզպետարանի և, ընդհանրապես, Սյունիքի շուրջ ապատեղեկատվության տարածմանը, որ դրանց մեջ արժանահավատություն փնտրելն անլուրջ զբաղմունքի պես մի բան կարող է լինել:
Իրավիճակին ոչ ծանոթ ընթերցողին (միգուցեև) առաջին հայացքից կթվա, թե այդ լրատվամիջոցները, ամեն օր եթերից կուրծք ծեծելով կամ տարբեր հարթակներից հարայ-հրոց բարձրացնելով, անկեղծորեն տառապում են Սյունիքի հոգսերով:
Բայց երբ փորձում ես խորանալ տարածվող տեղեկատվությունների մեջ, բախվում ես պարզ վայրախոսության և իրականությունը ծուռ հայելու մեջ ներկայացնելու հետևողական գործընթացի:

Ասել է թե՝ մայրաքաղաքային մի քանի լրատվամիջոց և վայ լրագրող զբաղված են Սյունիքի մերօրյա դժվարությունների վրա ձեռքեր տաքացնելով, Սյունիքի մասին կեղծ տեղեկատվություն տարածելով:

Եվ ամենակարևորը՝ այնպիսի՜ անամոթությամբ, այնպիսի՜ ցինիզմով ու չարամտությամբ է կատարվում այդ ամենը…

Իմ նախընտրած մասնագիտությամբ բուհ դիմելիս հետաքրքրվել եմ՝ այն տվյալ կրթօջախում արտոնագրված էր, թե ոչ, թեև այս պարագայում վստահ էի (լավ ճանաչելով «Սյունիք» ինստիտուտի հիմնադրին ու դասախոսական անձնակազմին)՝ ամեն ինչ ի սկզբանե ընթացել է բացառապես օրինականության հունով:

Այդ և նման շատ հարցերի մեջ խորամուխ լինելիս՝ վերստին ակնհայտ է դառնում՝ մեր զազրախոսների համար ճշմարտությունը երկրորդական է, կարևորը զրպարտությունն է և հերյուրանքը:

Ընդ որում՝ Սյունիքի մարզպետի ու մարզպետարանի շուրջ վայրախոսում են այնպիսի արարածներ, որոնք երբևէ չեն էլ եղել Սյունիքում, տեղյակ չեն սյունիքյան հիմնախնդիրներին ու առօրյային: Եվ հանդես են գալիս սոսկ պատվեր կատարողի ու վայրախոսողի դերում՝ այդկերպ վաստակելով իրենց օրվա հացը:

Ու չեմ էլ զարմանում այդքանից հետո, երբ այդ զազրախոսությունը փորձում են տարածել նաև իմ կենսագրության վրա:

Այնքան են այդ վայ լրագրողներն իրականությունից կտրված, այնքան՝ տգիտության մեջ խրված… Տեղ գյուղում ծնված ու պատանեկությունն անցկացրած անձնավորությունը, իհարկե, պիտի որ զբաղվեր գյուղատնտեսությամբ՝ դաշտավարություն, անասնապահություն:

Եվ երբ հայրենիքին վտանգ է սպառնացել, առաջիններից մեկը հենց այդ գյուղի մշակներն են զենք վերցրել ու հայի արժանապատվությանը տեր կանգնել:

Այդպես՝ երկրի տիրոջ զգացողությամբ էլ մասնակցել ենք ևւ 1990-ականների Արցախյան գոյամարտին, և՛ 2016-ի քառօրյային, և՛ 2020-ի պատերազմին:

Ու մեր մարտական փառավոր ուղին գնահատվել է և՛ Սպարապետի, և՛ երկրի գերագույն գլխավոր հրամանատարների կողմից:

Հենց այդ վստահության շնորհիվ է, որ հետագայում գլխավորել եմ Հայոց բանակի ամենամարտունակ տանկային զորամասերից մեկը, Գորիսի փառապանծ բրիգադը, ապա՝ Գորիսի զինկոմիսարիատը:

Եվ հանկարծ ինչ-որ դուրսպրծուկներ և որևէ բանում վաստակ չունեցողներ փորձում են ցեխ շպրտել այդ ամենի վրա:

Արցախյան վերջին պատերազմի ամենաթեժ պահին նշանակվեցի փոխմարզպետ՝ Սյունիքի ինքնապաշտպանությունը համակարգելու լրջագույն գործառույթով: Եվ ճակատ էինք գնում մահվան ստույգ սպառնալիքով… Մեր ընդդիմախոսները, չզարմանաք, նույնիսկ դա չեն ներում:

Ամենակարևորը՝ չեն ներում, թե ինչու ստանձնեցի Սյունիքի մարզպետի պաշտոնը՝ մեր երկրամասի համար ամենադժվարին պահին:

Մեկ անգամ ևս ասեմ՝ եղել ու մնում եմ Հայրենիքիս զինվորը․ բա ի՞նչ անեի, համալրեի դիրքերից փախչողների, բանսարկուների, վայրախոսողների շարքե՞րը:

Ի՞նչն է տարօրինակ՝ այդ մասին առավել հետևողականորեն խոսում են նրանք, ովքեր ոչ վաղ անցյալում մարզպետարանը վեր էին ածել վայելքների, ազատ ժամանակի անցկացման, ամենաստոր խարդավանքների կազմակերպման ակումբի:

Նրանք չեն էլ ուզում տեսնել ակնհայտը, որ երբեք պաշտոնի չեմ ձգտել, որ պաշտոն ունենալը նպատակ չի եղել ինձ համար, պարզապես ուժերս օգտագործել եմ այնտեղ, որտեղ նպատակահարմար են գտել երկրի պատասխանատուները:

Հակամարզպետական լուտանքների մեջ միգուցեև փորձեի ռացիոնալ հատիկ գտնել, եթե… Եթե նույն այդ չարախոսները երբեմն-երբեմն նկատեին նաև, որ դժվարագույն ժամանակներ ապրող Սյունիքում աստիճանաբար, բայց և հետևողականորեն լրջագույն հարցեր են լուծվում, սահմանն է ամրապնդվում ի վերջո…

Այո՛, մեր երկրամասի որոշ հատվածներ օկուպացված են Ադրբեջանի կողմից, խաթարված է մեր հաղորդակցության ուղիների բնականոն գործունեությունը, խախտված է սահմանամերձի նորմալ կյանքը. դրանք, անշուշտ, մեր մեծ ցավն են…

Եվ ստեղծված վիճակից դուրս գալու ելքը ոչ թե միմյանց հայհոյելն ու վարկաբեկելն է, այլ համախմբվելը, առկա սպառնալիքները կոնկրետ և գործնական քայլերով չեզոքացնելը;

Այդպիսին է մեր պատկերացումը Սյունիքի մարզպետի ու մարզպետարանի ներկայիս առաքելության վերաբերյալ»։
Պողոսյանը երախտագիտությունն է հայտնել տասնյակ հազարավոր այն սյունեցիներին, ովքեր վաղուց լրջությամբ չեն վերաբերվում մայրաքաղաքային «ինչ-ինչ ծակուծուկերից հնչող զազրախոսությանը, ովքեր հավատում են մեր գործելակերպին և հնարավոր բոլոր միջոցներով սատարում են տարածքային իշխանությանը՝ Սյունիքի առջև ծառացած ոչ սովորական խնդիրները լուծելու ճանապարհին»,- ասված է Սյունիքի մարզպետի Ֆեյսբուքի գրառման մեջ: