Search
Close this search box.

Ամենատարբեր շրջանակներ հարձակվել են Ծառուկյանի վրա

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ մտադիր է իր ընտանիքի ֆինանսական միջոցներով կառուցել Ամենափրկչի` Հիսուս Քրիստոսի արձանը: Ընդ որում, Ծառուկյանը ասում է՝ ուզում է, որ այս նախաձեռնությունը հույսի և լույսի ճանապարհ ցույց տա, ուզում է, որ հայ հասարակությունը դուրս գա ներկա հուսահատ ու անճարակ վիճակից, և այդ նպատակի իրականացման համար ընտրել է Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը, որպես լույսի և հույսի խորհրդանիշ: Թվում էր, թե Ծառուկյանի այս նախաձեռնությունը միայն ամենաջերմ ու դրական արձագանքների կարժանանա: Բայց, ցավոք, տեղի ունեցավ ճիշտ հակառակը:

Մի քանի բացառություններից զատ, ամենատարբեր շրջանակներ հարձակվել են նախաձեռնության և նրա հեղինակի վրա, որից տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը ոչ թե քրիստոնեական այլ իսլամադավան երկիր է, որտեղ Քրիստոսի արձանի կառուցումը հավասարեցվում է ծանրագույն մեղքի հետ: Մյուս կողմից էլ թվում է, թե ինչ որ մարդիկ կամ ուժեր սեփականաշնորհել են քրիստոնեությունը, և միայն իրենց մենաշնորհն է որոշելու` ինչն է քրիստոնեական, ինչը հակաքրիստոնեական, ինչ կարելի է կառուցել, ինչը` ոչ, մարդը որտեղ պետք է ծախսի իր գումարները կամ ինչ նպատակի դրանք ծառայեցնի: Երևի բարեբախտություն է, որ մենք չենք ապրում միջնադարում, թե չէ կարող էին պահանջել, որ նախաձեռնության հեղինակին ինկվիզիցիայի ենթարկեին, որպես իրենց պատկերացրած ու դավանած արժեքների հաղթարշավի ապացույց:

Ծառուկյանի նախաձեռնության նկտամամբ հասարակության որոշ շրջանակների նման բուռն արձագանքը ցույց է տալիս հասարակության հիվանդագին վիճակի մասին, որովհետև միայն հիվանդ օրգանիզմը կարող է նման անտրամաբանական արձագանքել այս նախաձեռնությանը:

Ընդհանրապես տպավորություն է, որ Հայաստանում ողջունվում է միայն ոչինչ չանելը, ու երբ ոչինչ չի արվում, բոլորը գոհ են ու երջանիկ: Ոչինչ չանող հասարակության մեջ ինչ-որ մեկի կողմից նախաձեռնություն դրսևորելը, ինչ-որ ծրագիր, նախագիծ առաջարկելը համարվում է հանցագործություն, որովհետև մեկի կենդանությունը բացահայտում է մյուսների մեռած լինելը, մեկի գոյությունը ի ցույց է դնում մյուսների չգոյությունը: Եվ Ծառուկյանի վրա հարձակումը հիշեցնում է զոմբիների հարձակումը կենդանի մարդու վրա, ովքեր ուզում են նրան ևս քաշել տանել իրենց աշխարհ, հավասարեցնել իրենց:

Որևէ կասկած չունենք, որ Հիսուս Քրիստոսի արձանը դառնալու է հայ և ոչ միայն հայ հասարակության ամենասիրված վայրերից մեկը: Համոզված ենք, որ յուրաքանչյուր առողջ հայ քրիստոնեայի համար այն դառնալու է ուխտատեղի ու քրիստոնեական հավատքը ամրացնելու վայր: Իսկ չարքերի ու զոմբիների համար այն լինելու է սարսափի ու վախի առարկա:

Մենք համոզված ենք, որ Գագիկ Ծառուկյանի այս նախաձեռնությունն անպայման կյանքի է կոչվելու և մեր աջակցությունն ու անկեղծ զորակցությունը հայտնելու դրան, ինչպես ընդունված է մի լավ և կարևոր նախաձեռնություն սկսելուց առաջ ասում ենք՝ առաջ Աստված:

ArmLife.am