Search
Close this search box.

Մի տեսակ անհանգիստ եմ նախագահ Սարգսյան Արմենի համար․ ինչ վիճակում են նրա ղազախստանյան բիզնեսները

Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին, որևէ կերպ չհիշատակվեց ՀՀ նախագահ Սարգսյան Արմենի անունն ու վերջինիս կապն այդ երկրի հետ:

Դեռ տարիներ առաջ հայաստանյան մամուլը անդրադարձավ Սարգսյան Արմենի ղազախստանյան բիզնեսներին: Մասնավորապես, բացահայտվեց վերջինիս գործընկերային կապը Նուրսուլթան Նազարբաևի դստեր՝ Դարիգա Նազարբաևայի հետ, որը Eurasia House International ընկերությունում Սարգսյան Արմենի գործընկեր տնօրենն է եղել: Նշվում էր նաև, որ 2013 թվականին Ուելսի արքայազն Չարլզի Հայաստան կատարած այցի ժամանակ, անձամբ Սարգսյան Արմենի հրավերով, Դարիգա Նազարբաևան ևս Հայաստանում էր: Հենց Սարգսյան Արմենն է խորհուրդ տվել Դարիգային ստեղծել ղազախական մեդիահոլդինգը, որն այժմ ղեկավարում է երկրի բոլոր հեռուստաալիքները, իսկ Սարգսյան Արմենին (ըստ նույն հրապարակումների) պատկանում է դրա բաժնետոմսերի 5 տոկոսը։

Հրապարակված մեկ այլ փաստաթղթում նշված է, որ «Cascade International Holding GesmbH, հիմնադրված 2014-ին, ենթահոլդինգային ընկերություն է` ստեղծված գործընկեր ներդրող Սարգսյանի հետ, Եվրասիայում համատեղ գործունեություն ծավալելու նպատակով, փաստացի ծրագրված է ընդարձակում Ղազախստանում և Ռուսաստանի Դաշնության տարածքում»:
Սարգսյան Արմենի վերաբերյալ այսօրինակ տեղեկություններ շատ կան:

Ինչու՞ եմ այս ամենը հիշել: Որովհետև Ղազախստանում ճգնաժամ է, քաղաքացիական ընդվզում, այրվում են պետական և հասարակական օբյեկտները: Մի տեսակ անհանգիստ եմ Սարգսյան Արմենի համար: Ի վերջո, ՀՀ Նախագահն է, այսինքն՝ խորհրդանիշ է:
Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից