Search
Close this search box.

ՌԴ նախագահի պաշտոնական կայքը հրապարակել է Փաշինյանի հայտարարությունը

Ռուսաստանի Դաշնության Նախագահի պաշտոնական կայքը հրապարակել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ — Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Ղազախստան կազմակերպության Հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկելու որոշման վերաբերյալ։

Հայտարարությունը հրապարակվել է հինգշաբթի երեկոյան president.rf կայքում:

«Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա եւ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության արդյունքում, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով»,- ասված է Փաշինյանի հայտարարության մեջ, ով 2022 թվականին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահն է։ Ավելի վաղ այս փաստաթղթի տեքստը հրապարակել էր Հայաստանի վարչապետի ֆեյսբուքյան էջին:

Չորեքշաբթի Փաշինյանը Ղազախստանում ստեղծված իրավիճակի հետ կապված խորհրդակցություններ էր սկսել ՀԱՊԿ ղեկավարների հետ։ Այդ հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն ավելի վաղ դիմել էր ՀԱՊԿ երկրների ղեկավարներին «ահաբեկչական վտանգի հաղթահարման հարցում» օգնության խնդրանքով` հանրապետությունում տեղի ունեցած անկարգությունները որպես ագրեսիայի ակտ որակելով:

Հավաքական անվտանգության պայմանագիրը ենթադրում է, որ կազմակերպության անդամներից մեկի դեմ ագրեսիայի դեպքում մնացածները պետք է անհապաղ նրան «անհրաժեշտ օգնություն տրամադրեն, այդ թվում՝ ռազմական», եւ աջակցություն ցուցաբերեն «իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով»։ Այժմ ՀԱՊԿ-ում, Ղազախստանից բացի, ընդգրկված են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը։