Search
Close this search box.

ՀՀ վարչական դատարանի դատավոր Ծատուրյան Արթուրը համոզված է, որ 10000+250 = 5250

Ապրանքի գինը 5250 ՀՀ դրամ է: Դուք վճարել եք 10000 ՀՀ դրամ, սակայն վաճառողը՝ մանրը վերադարձնելու փոխարեն, ապրանքը վաճառելու համար ձեզանից ևս 250 ՀՀ դրամ է պահանջում: Պատճառաբանում է, որ պակաս եք վճարել:
Դե այժմ պատկերացրեք, որ «վաճառողի» դերում ՀՀ վարչական դատարանի դատավոր Ծատուրյան Արթուրն է: Վերջինիս կողմից կայացրած դատական ակտից ակնհայտ է, որ 5250 ստանալու համար պետք է եղած 10000-ին ավելացնել ևս 250: Այլ կերպ ասած, ՀՀ վարչական դատարանի դատավոր Ծատուրյան Արթուրը համոզված է, որ 10000+250 = 5250:

Դատավորի օգնական Կարապետյան Էլեոնորան պնդում է, որ դա հոգնածության արդյունք է: Վերջինս ասում է, որ իրենք ՏԻՄ ընտրությունների բողոքարկումներով են ծանրաբեռնված և 24/7 ռեժիմով են աշխատում: Կարապետյան Էլեոնորան կարծում է նաև, որ գերծանրաբեռնված օրակարգով աշխատելը տարատեսակ սխալների է հանգեցնում: Դե իսկ, որ այդ սխալների արդյունքում ՄԱՐԴՈՒ իրավունքներն են խախտվում, Կարապետյան Էլեոնորան լռում է:

Այժմ պատկերացնենք, որ Ծատուրյան Արթուրն ու Կարապետյան Էլեոնորան հիվանդանան (Աստված չանի) և վերջիններիս հիվանդության օրերին բժիշկները գերհոգնած լինեն (օրինակ՝ ՏԻՄ ընտրությունների ընթացքում, բազմաթիվ տուժածների վիրահատեն): Պատկերացնենք նաև, որ բժիշկները գերհոգնածության պատճառաբանությամբ Ծատուրյան Արթուրի և Կարապետյան Էլեոնորայի հիվանդությունը սխալ ախտորոշեն և, հետևաբար սխալ բուժում իրականացնեն: Արդյո՞ք գոհ կլինեն դատավորն ու օգնականը: Չեմ կարծում: Միգուցե, քննարկվող դեպքում, նրանք չկարողանան անգամ կարծիք արտահայտել:

ՀԳ1. Հայաստանյան ՏԻՄ ընտրությունների արդյունքներից ակնհայտ է, որ 10000+250 իրականում հավասար է 5250-ի:
ՀԳ2. Եվ սա դեռ վերջը չէ:
Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան