Search
Close this search box.

Գերեվարված և ՀՀ վերադարձված զինծառայողի նկատմամբ անխիղճ վերաբերմունք կա. կարող է հաշմանդամ մնալ

Գերեվարված, այնուհետև նոյեմբերի 26-ին հայկական կողմին փոխանցված, այժմ կալանքի տակ գտնվող Արեն Ավագյանի նկատմամբ դրսևորվում է անխիղճ վերաբերմունք, նա ամբողջ կյանքում կարող է հաշմանդամ մնալ. այս մասին 24 News-ին տեղեկացրեց Արեն Ավագյանի պաշտպան Արա Կարապետյանը։

Նշենք, որ Արեն Ավագյանը գերեվարվել է նոյեմբերի 16-ին ադրբեջանական հերթական հարձակման ժամանակ:

Փաստաբանի խոսքով՝ Արեն Արամյանն աջ ծնկի հատվածում ծանր վիրավորում է ստացել, գերեվարման ընթացքում Բաքվում երկու անգամ վիրահատության է ենթարկվել, այնուհետ Հայաստան վերադարձվելուց հետո տեղափոխվել է Մուրացանի հոսպիտալ՝ ստացիոնար բուժման:

«Հիվանդին տեղափոխել են կալանավայր, այն պարագայում, երբ նա գտնվել է ստացիոնար բուժման մեջ: Դեկտեմբերի 12-ին Մուրացանի հոսպիտալի բժիշկների տված ախտորոշման մեջ նշված է, որ ծնկահոդի ֆիքսատորի անշարժացումը ևս մեկ ամիս պետք է շարունակվի, որից հետո պետք է անցնի վերականգնողական բուժում: Արեն Արամյանի ոտքը չի ծալվում, մեկուսարանային պայմաններում չկա հնարավորություն, որ կատարվի մարմնի վերականգնողական կուրս: Արդեն ժամանակն է, որ ոտքը ֆիքսատորից հանվի և վերականգնողական բուժումներ սկսեն: Նրան այդ վիճակով առաջին նիստին դատարան են բերել, վերջին նիստին չկարողացավ ներկայանալ, քանի որ սովորական մեքենայով են ցանկանում տեղափոխել, եթե ոտքը չի ծալվում ինչպե՞ս կարող է սովորական ավտոմեքենա նստել: Նա հենակների մեջ է, այդ վիճակում բարձրացնում են երկրրոդ հարկ, իջեցնում, սովորական մեքենայով տեղափոխում, այն պարագայում, երբ ոտքը չի ծալվում: Այս պահին չենք անդրադառնում կալանավորման հիմքերին, չնայած որ ապօրինի է, ուղղակի մեր մտահոգությունը զինծառայողի առողջական խնդիրներն են: Հիշո՞ւմ եք թշնամի պետության ղեկավարը վերջերս ասել էր, որ գերիների մեջ վիրավոր կա, որին մենք բուժեցինք, խնամեցինք, նրան ձերբակալեցին, խոսքը Արամյանի մասին էր»,- նշեց փաստաբանը:

Արա Կարապետյանը անդրադառնալով Արեն Արամյանի գերեվարման հանգամանքին նշեց, որ Արամյանը մարտ է վարել, վիրավորվել և գերի է ընկել, գլխի հատվածում հարվածներ ստացել, նա չէր կարող զենքերը վայր դնել, հանձնվել, և ավելացրեց, որ Արեն Արամյանը մասնակցել է ապրիլյան, հուլիսյան և 44-օրյա պատերազմին:

Փաստաբանը նշեց, որ դեկտեմբերի 30-ին Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը խափանման միջոցը երկարացնելու որոշում է կայացրել, պատրաստվում են Վերաքննիչ բողոք ներկայացնել որոշումը բողոքարկելու համար: