Search
Close this search box.

Ադրբեջանը շարունակում է պահել շուրջ 200 հայ ռազմագերու՝ խեղաթյուրելով նրանց կարգավիճակը. ինչ է նշվում Բայդենի ստորագրած օրենքում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ դեկտեմբերի 27-ին ստորագրած 2022 թ. ֆիսկալ տարվա «Ազգային պաշտպանության մասին» օրենքում առկա են կարևոր դրույթներ հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ, դրանում մասնավորապես շեշտվում է, որ Ադրբեջանը շարունակում է պահել շուրջ 200 հայ ռազմագերու՝ խեղաթյուրելով նրանց կարգավիճակը՝ շեշտելով Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն վերադարձնի գերեվարված բոլոր անձանց: Օրենքը հրապարակված է Կոնգրեսի պաշտոնական կայքում:

Օրենքում նշվում են Կոնգրեսի եզրակացությունները 44-օրյա պատերազմի վերաբերյալ, մասնավորապես.

* Ադրբեջանը և Թուրքիան «օտարերկրյա աշխարհազորային ջոկատների աջակցությամբ» ռազմական հարձակում են սկսել Արցախի վրա:

* Չնայած Ժնևյան կոնվենցիաներով և նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, հակամարտության ավարտից տևական ժամանակ անց Ադրբեջանի կառավարությունը շարունակում է պահել շուրջ 200 հայ ռազմագերիների, պատանդների և ձերբակալված անձանց «խեղաթյուրելով նրանց կարգավիճակը», փորձելով արդարացնել հետագա գերության մեջ նրանց գտնվելը:

* Ադրբեջանական զինված ուժերը դաժան վերաբերմունք են ցուցաբերել էթնիկ հայ ռազմագերիների նկատմամբ, նրանց ենթարկել «ֆիզիկական բռնության և նվաստացման»:

* Փաստագրված են Ադրբեջանի զինված ուժերի և Թուրքիայի աջակցությունը վայելող իսլամիստական զինյալների կողմից կատարված մարդկության դեմ հանցագործությունները և հայերի դեմ կատարված այլ վայրագությունները:

* Գերիների և գերեվարված քաղաքացիական անձանց վիճակի կամ նրանց հետ վարվելու մասին հավաստի տեղեկությունները սահմանափակ են, և լուրջ մտահոգություն կա, որ ձերբակալված կանայք կարող են ենթարկվել սեռական ոտնձգությունների և այլ դաժան վերաբերմունքի:

* Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց:

* Բայդենի վարչակազմը պետք է բոլոր մակարդակներում փոխգործակցի Ադրբեջանի իշխանությունների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում, որպեսզի պարզաբանի Ադրբեջանի պարտավորությունների կատարման կարևորությունը:

* Հայաստանը կատարել է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ և միջազգային իրավունքով ստանձնած իր պարտավորությունները՝ վերադարձնելով ադրբեջանցի ռազմագերիներին, Օրենքում նշվում է նաև, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը փաստաթղթի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 180 օր հետո, պետք է Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներին զեկույց ներկայացնի 44-օրյա պատերազմի, մասնավորապես.

1. թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերում հայտնաբերված ամերիկյան ծագման դետալների ու տեխնոլոգիաների վերաբերյալ՝ զենքի արտահանման վերահսկողության կամ այլ կիրառելի օրենքների, պատժամիջոցների քաղաքականության կամ ԱՄՆ օրենսդրության այլ դրույթների ցանկացած հնարավոր խախտումների գնահատմամբ:

2. Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի և արգելված զինամթերքի կիրառման վերաբերյալ՝ ԱՄՆ օրենսդրության կամ միջազգային իրավունքի ցանկացած հնարավոր խախտումների գնահատմամբ:

3. 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2020թ. նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Արցախի դեմ Ադրբեջանի հարձակողական ռազմական գործողություններին մասնակցելու համար Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների հավաքագրման վերաբերյալ՝ դրա հետ կապված՝ ԱՄՆ օրենսդրության, վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիայի կամ այլ միջազգային կամ բազմակողմ պայմանագրերի ցանկացած հնարավոր խախտումների գնահատմամբ: