Search
Close this search box.

Գյումրիում 63-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է․ կասկածյալ 50-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ Ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 28-ին, ժամը 13.50-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում է ստացվել, որ Գյումրիի Բագրատունյաց օղակում գտնվող խանութի մոտ մահացած մարդ կա:

Նշված վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը Բագրատունյաց օղակ թիվ 2/9 հասցեի հագուստի խանութ-սրահում հայտնաբերեց 63-ամյա Անահիտ Իսկանդարյանի դին: Դիակի արտաքին զննությամբ պարանոցի առաջնային հատվածում հայտնաբերվեցին կտրած վերքեր:

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Կումայրիի և Մուշի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ 63-ամյա կնոջը սպանել է Երևանի 50-ամյա մի բնակիչ։ Նա նույն օրը հայտնաբերվեց իր բնակարանում ու, սպանությունը կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանության Կումայրիի բաժին։ Բերման ենթարկվածը ներկայացվել է Շիրակի մարզի քննչական վարչություն և տվել խոստովանական ցուցմունք։

Պարզվել է, որ գումարային հարցերի շուրջ պարզաբանումների նպատակով, 50-ամյա տղամարդը դեկտեմբերի 28-ին, ժամը 12.30-ի սահմաններում, գնացել է 63-ամյա կնոջը պատկանող՝ Բագրատունյաց օղակում գործող հագուստի սրահ, որտեղ իր մոտ եղած դանակով երկու անգամ հարվածել է նրա պարանոցին, սրահից վերցրել է սպանվածի պայուսակն ու բջջային հեռախոսը և փախել։ Իր հետ վերցրածն այրել է Երևանյան խճուղու վերջնամասում, իսկ դանակը նետել է Գյումրի-Երևան ճանապարհին:

Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

50-ամյա տղամարդը ձերբակալվել է։

ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։