Search
Close this search box.

Զասը գնահատել է իրավիճակը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը մտահոգված է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին շարունակվող անկայունությամբ։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը «Դաշնակիցներ. ՀԱՊԿ» պարբերականին տված հարցազրույցում` խոսելով անցնող տարում կառույցի պատասխանատվության ոլորտում առկա ռիսկերի եւ սպառնալիքների մասին։

«Հասկանալի պատճառներով մեզ առաջին հերթին անհանգստացնում է ՀԱՊԿ անդամ երկրների սահմաններին աճող ճգնաժամային երեւույթները։ Իհարկե, դա Աֆղանստանի տարածքից բխող մարտահրավերների եւ սպառնալիքների ողջ սպեկտրի պահպանումն է, շարունակվող անկայունությունը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, ՀԱՊԿ-ի անդամ պետություններ Ռուսաստանի եւ Բելառուսի վրա ճնշում գործադրելու ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների փորձերի ակտիվացումը, իրավիճակն Ուկրաինայի հարավ-արեւելքում»,- ասել է Զասը։

Նրա խոսքով` կազմակերպությունն ուշադիր հետեւում է Հարավային Կովկասում իրավիճակի զարգացմանը եւ մշտական ​​կապի մեջ է հայկական կողմի հետ։ Գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ օրեր առաջ է վերադարձել Երեւանից, որտեղ Հայաստանի ղեկավարության հետ հանգամանորեն քննարկել է ստեղծված իրավիճակը։

«Ես բարձր եմ գնահատում Ռուսաստանի Դաշնության ջանքերը, որը շատ կարեւոր խաղաղապահ առաքելություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում եւ, կողմերի համաձայնությամբ, փաստացի միջնորդի դեր է ստանձնել անցյալ տարի բռնկված արյունալի պատերազմի հետեւանքների կարգավորման գործում։ Ռուսաստանի այս ջանքերը հնարավորություն են տվել դադարեցնել ռազմական գործողությունները, հսկայական թվով կյանքեր փրկել, կարճ ժամանակում վերականգնել ռազմական գործողություններից տուժած տարածքները, ապահովել սննդով, հագուստով եւ դեղորայքով դրանց բնակիչներին»,- ասել է պաշտոնյան։