Search
Close this search box.

Կառավարությունը ավելացրել է ոստիկանության պարգևատրման ֆոնդը. ոստիկանները 13-րդ աշխատավարձ կստանան

Կառավարությունը որոշում ընդունեց 2021թ. պետական բյուջեում վերաբաշխում կատարելու հերթական որոշումը, որով Ոստիկանության պարգևատրման ֆոնդում առկա 1.9 մլրդ դրամին կավելացնի ևս 500 մլն դրամ «որակյալ» աշխատանքի համար ոստիկաններին լիարժեք մեկ դրույքաչափ 13-րդ աշխատավարձ տալու համար:

Որոշման նախագծում ասվում է. «ՀՀ ոստիկանության ընթացիկ տարվա բյուջեի արդյունավետ և խնայողաբար կատարման արդյունքում տնտեսված և պարգևատրման նպատակին վերաբաշխվող միջոցների մեծությունը, այսօրվա դրությամբ, կազմում է շուրջ 1․890,0 մլն․ դրամ, որը ՀՀ ոստիկանության ծառայողների (աշխատողների) պաշտոնային դրույքների ամսական ֆոնդից պակաս է շուրջ 500,0 մլն. դրամով։

ՀՀ ոստիկանությունը նպատակահարմար է համարում ծառայողներին (աշխատողներին) ընթացիկ տարում որակյալ աշխատանքի և (կամ) հատուկ առաջադրանքների կատարման համար տարեվերջին պարգևատրել մեկ պաշտոնային դրույքաչափով։ Այդ նպատակով առաջարկվում է ՀՀ ոստիկանությանը լրացուցիչ հատկացնել 500,0 մլն․ դրամ, նկատի ունենալով նաև, որ ընթացիկ տարում ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով ՀՀ պետական բյուջե է վերադարձվել բյուջետային միջոցների արդյունավետ և խնայողաբար օգտագործման արդյունքում տնտեսված 958,2 մլն․ դրամ»։