Search
Close this search box.

Մարությանի անվստահության գործընթացին չմիացող իմքայլականների հարցը քննարկվել է Փաշինյանի հետ. «Փաստինֆո»

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում հնչել են կարծիքներ, որ այն անդամները, որոնք չեն պաշտպանում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու քաղաքական որոշումը, վայր դնեն մանդատը։

«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն ասաց, որ խմբակցության անդամների, այդ թվում նաև իր կողմից հնչել է կարծիք, որ ճիշտ են համարում՝ քաղաքական որոշումը չպաշտպանելու պարագայում վայր դնեն մանդատը և իրենց փոխարեն գան այլ թեկնածուներ, որոնք կպաշտպանեն որոշումը։

«Որևէ պահանջ կամ այլ բան տեղի չի ունեցել։ Խմբակցության անդամների կողմից կարծիքներ են եղել»,-նշեց Արմեն Գալջյանը։

«Փաստինֆո»-ի հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ և մասնավորապես Նիկոլ Փաշինյանի կողմից մանդատները վայր դնելու կարծիք հնչե՞լ է, Արմեն Գալջյանն ասաց, որ հանդիպման ժամանակ կարծիք հնչել է, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Այդպիսով հաստատելով, որ Փաշինյանի քաղաքական որոշմանն ընդդիմացած իմքայլականների հարցը քննարկվել է նաեւ ՔՊ գրասենյակում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:

Արմեն Գալջյանը նաև հայտնեց, որ քաղաքապետի պաշտոնում Հրաչյա Սարգսյանի թեկնածությունից բացի որևէ այլ մեկի թեկնածությունը չի քննարկվում։

Հիշեցնենք, որ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու օրակարգով Երևանի ավագանու արտահերթ նիստ կանցկացվի դեկտեմբերի 22-ին: