Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայերը ևս կօգտվե՞ն Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական SOCAR ընկերության բենզալցակայանից

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ Որոտան գյուղի վարչական տարածքում, ադրբեջանական SOCAR ընկերությունը բենզալցակայան է բացել: Նախքան բենզալցակայան լինելը այդ տարածքը պատկանել է Գորիսի փոխքաղաքապետ Կարո Քոչարյանի որդուն, որը պատերազմից հետո անցել է թշնամու ձեռքը և նրանք վերակառուցել են լցակայանը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Կարո Քոչարյանը:

Նա նշեց, որ նախքան ադրբեջանցիների շինությունը սկսելը, այնտեղ եղել է հյուրանոցային 5 սենյականոց մեծ կառույց և լցակայան: Կարո Քոչարյանն ասաց, որ շինարարական աշխատանքները տևել են ընդամենը 3-4 ամիս:

«Անհասականալի է, թե ում համար են դա կառուցել և ինչ նպատակով: Միայն այդ շինությամբ չեն բավարարվել, հիմա էլ բենզալցակայանի հարևանությամբ անցակետի համար տերմինալ են կառուցում»,- նշեց Գորիսի փոխքաղաքապետը:

Վերջինս ընդգծեց, որ տվյալ տարածք իրենք մուտք չեն գործում, հայկական մեքենաները այդ տարածքով չեն անցնում, սակայն չբացառեց, որ հայերը ևս կարող են օգտվել ադրբեջանական SOCAR բենզալցակայանից. «Չեմ կարող վստահ ասել, որ հայերը չեն օգտվի այդ բենզալցակայանից, գյուղ չկա՝ շուն չլինի»,- եզրափակեց Կարո Քոչարյանը:

Հիշեցնենք, որ Որոտանի հատվածում ոստիկանական անցակետ տեղադրելուց հետո, ադրբեջանցիները կանգնեցնում էին Իրանից եկող բեռնատարների վարորդներին, ստուգում նրանց, գումար գանձում և հետո միայն թողնում ճանապարհը շարունակել։ Ադրբեջանցիները կանգնեցրել էին նաև «Լեռնային Արցախ» մանկապատանեկան թիմին տեղափոխող միկրոավտոբուսը, դաշույնով մաքրել ավտոբուսի վրա փակցված Արցախի Հանրապետության դրոշը պատկերող պիտակը:

lurer.com