Search
Close this search box.

Տիկին Աբգարյանը սովորություն ունի թիթեռնիկի նման մի քաղաքական ուժից թռչել մյուս քաղ ուժ՝ նեկտարով հագենալու. Խաչատրյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ անդրադառնալով Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքը լքած և ավագանու անկախ անդամ դարձած Իզաբելլա Աբգարյանի այն պնդումներին, որոնց համաձայն՝ ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամները սկզբում բոյկոտել են ավտոբուսների գնմանը վերաբերող նիստը, որպեսզի քվորում չապահովվի, և գործընթացը տապալվի, ինչին միացել է Անի Խաչատրյանը և ավագանու ԲՀԿ-ական անդամներին նույնպես կոչ արել բոյկոտել:

«Ի պատասխան իմ հասցեին՝ տարբեր քաղաքական թրերի տակով անցած տիկին Աբգարյանի ստահոդ ու մանիպուլացիոն հայտարարության՝ տեղեկացնում եմ մեր քաղաքական ուժին ընտրած և նաև մեզ չընտրած Երևան քաղաքի քաղաքացիներին՝ Երևանի ավագանին ձևավորվելուց ի վեր՝ 3 տարի անընդմեջ, բարձրաձայնել եմ ավագանու անդամների կեսից ավելիի նիստերին բացակայելու խնդրի վերաբերյալ…

Ավագանու նիստը կայանում է ամիսը 1 անգամ, և այն խմբակցությունը, որը ներկայացնում էր վերոնշյալ տիկինը, ոչ մի անգամ չի ներկայացել ամբողջ կազմով. քվորում ապահովում էին ընդդիմութան (65-ից 33 հոգին է քվորում, որից 8-ը ընդդիմությունն է ու գրեթե միշտ ներկա է եղել) հաշվին, և կարևորագույն հարցերը, ի շահ Երևանի, ընդունվել են ընդդիմության հաշվին, այլ ոչ թե մեծամասնության:

Յուրաքանչյուր նիստի և ոչ միայն տիկին Աբգարյանի հիշատակած նիստին, երբ քվորումը պետք է ապահովվեր ընդդիմության հաշվին, հորդորել եմ ավագանու ընդդիմադիր անդամներին չգրանցվել, որպեսզի քվորումը չապահովելու միջոցով ակտուալ քննարկման առարկա դառնա ավագանու անդամների անպատասխանատու վերաբերմունքն իրենց ստանձնած պարտականության նկատմամբ:

Եվ Տիկին Աբգարյանը, որը սովորություն ունի թիթեռնիկի նման մի քաղաքական ուժից թռչել մյուս քաղ ուժ՝ նեկտարով հագենալու, շատ լավ գիտի այդ ամենը, բայց փորձում է իր մանդատագողությունը ներկայացնել որպես հերոսություն»,- գրել է Խաչատրյանը՝ հետգրությամբ հավելելով. «Ի դեպ, թիթեռնիկը լավ գիտի,որ քվորում չլինելուց կես ժամ ընդմիջում է տրվում, որից հետո մենք միշտ գրանցվում և անցկացնում ենք նախագծերը: Մի տրվեք քաղաքական անսկզբունքային մարդկանց սադրանքներին, որոնք թիկունք լինելու ժամանակ հարվածում են թիկունքից»:

Խաչատրյանի այս գրառմանը մեկնաբանությունում արձագանքել է Իզաբելլա Աբգարյանը՝ նշելով. «Երեկ ավելի լավ բացատրություն տվեցիր, Անի ջան՝ ասելով, որ դա անում էիր՝ որպես ընդդիմություն՝ հերթական անգամ իշխող ուժի՝ քվորում ապահովել չկարողանալը, որ ցույց տաս: Իմ ասածի մեջ սուտ չկա, ու դու դա երեկ հաստատել ես եթերում, որի ձայնագրությունը կա: Իսկ ինչ վերաբերում է թիթեռնիկներին և այլն, ժամանակը ցույց կտա, թե ով ինչ է»:

Աբգարյանին էլ կրկին արձագանքել է Խաչատրյանը՝ նշելով. «Այո, ես պատասխանել էի քեզ երեկ, նույնը նորից գրել եմ, ոովհետև դու, ունենալով պատասխան, այսօր կրկին մանիպուլացնում ես մարդկանց: Իսկ թիթեռնիկի մասին, այո, ինչպես նշեցիր, սպասենք ժամանակի գնահատանքին, որը անպայման լինելու է, և որում չեմ կարծում, որ քո կարգավիճակը նախանձելի կլինի»:

Ավելի վաղը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը ևս անդրադարձել էր մամուլում շրջանառվող այն լուրերին, որոնց համաձայն՝ ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամները սկզբում բոյկոտել են ավտոբուսների գնմանը վերաբերող նիստը: Հայտարարության մեջ ասված է, որ չնայած այն բանի, որ Կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև կար տարակարծություն՝ կապված նոր ավտոբուսների մակնիշի հետ («Ժոնգ-Տոնգ»), այնուամենայնիվ, քաղաքական որոշում է կայացվել, և «Իմ քայլը» խմբակցությունը ապահովել է ավտոբուսներ ձեռք բերելու համար նվազագույն ձայները:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց: