Search
Close this search box.

Նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների աշխատավարձերի մի մասը չի փոխանցվել, ընտանիքներին չի վճարվել նաեւ փոխհատուցման գումարը՝ անգամ գերությունը հաստատվելուց հետո

Նոյեմբերի 16-ին գերեվարված և Բաքվում գտնվող զինծառայողների աշխատավարձերի մի մասը չի փոխանցվել, ավելին՝ ընտանիքներին պետության կողմից չի փոխանցվել փոխհատուցման գումարը՝ միանվագ 300.000-ական դրամը։ «Փաստինֆո»-ին հայտնեց գերեվարված պայմանագրային զինծառայողի կինը։

Վերջինս նշում է՝ Կարմիր Խաչը այցելել է Բաքվում պահվող գերեվարված զինծառայողներին, Բաքուն հաստատել է նրանց գերեվարումը, սակայն ՊՆ-ից պաշտոնական հաստատումներ ընտանիքներին չեն տրամադրում։ Իսկ եթե ՊՆ-ից հաստատում չկա, ապա միանվագ աջակցություն չեն կարող ստանալ՝ գործընթացը ձգձգվում է։

«Նոյեմբերի աշխատավարձը կիսատ են ստացել։ Ամսի 16-ին գերի ընկան։ Ամսի 23-ին պետք է 63.000 դրամ ստանային, դա չտվեցին։ Հետո ամսի 3-ինը պետք է ստանային 180.000 դրամ, 130 հազարի կարգի գումար եմ ստացել, բայց չգիտեմ ինչ հաշվարկ են արել։ Հիմա պարզ չէ՝ ստանալո՞ւ են 13-րդ աշխատավարձ, թե ոչ։ Իրենք գերի են ընկել դրա հետ կապված էլ՝ հաստատվելուց հետո 300 հազար դրամ միանվագ գումար պետք է վճարեին, բայց պետությունը չի հաստատում իրենց գերությունը։ Կարմիր խաչը հաստատել է, բայց մեզ պաշտոնական չեն զանգում ՊՆ-ից, ասեն՝ ձեր տղան գերի է, հաստատվել է։ Կարմիր Խաչն ասում է՝ տեսել են, խոսել են, բայց ուրիշ ոչ մի բան չենք կարողանում իմանալ։ Եթե հաստատվի, պետք է վճարեն, բայց իրենք ձգձգում են»,- պատմել է գերեվարվածի կինը։

Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումից հետո, ըստ հարազատների, պետք է նոյեմբերի 16-ին գերեվարվածները հայրենիք վերադառնային, սակայն հարազատները հիմա էլ գործընթացի մասին տեղեկություն չունեն։

«Խոսակցություն եղել է, որ պայմանավորվածություն կա՝ գերիներին հետ բերելու, բայց մեզ կոնկրետ ոչ մի բան չեն ասում։ Մինչև հիմա ում զանգում ենք՝ չեն պատասխանում։ էլ չգիտեմ աշխատանքները ո՞ւր մնաց։ Եթե աշխատանք տարվեր, պետք է, որ գոնե մի տեղից ինֆորմացիա լիներ։ Մի քանի օր անցել է հանդիպումից, տեղեկություն չկա։ Մենք ենք փորձում կապվել, չի ստացվում ու տեղեկություն ստանալ չենք կարողանում ՊՆ-ից, կառավարությունից, ԱԱԾ- ից»։

Գերեվարվածի կինը նշեց, որ հանդիպումից հետո գերեվարված զինծառայողները վերադարձվելու փոխարեն՝ Ադրբեջանի նախագահը հեգնանքով է խոսել գերիներին վերադարձնելու մասին, պնդելով, որ եթե նրանք վերադառնան՝ Հայաստանում նրանց կձերբակալեն ու կխոշտանգեն։

«Հիմա էլ այն փաստն է առաջ գալիս, թե Ալիևը ասել է գերիներին ուղարկում ենք՝ դատում են, իրենց կխոշտանգեն Հայաստանում։ Դիտավորյալ տղերքին հետ չի ուղարկում, իբր, մտածում է հայ զինվորի մասին։ Դա էլ է ազդում, կարծում եմ, որ տղաներից տեղեկություն չկա»։

Կարմիր Խաչի ներկայացուցիչները դեկտեմբերին այցելել են Բաքվում գտնվող ու իշխանությունների կողմից հաստատված բոլոր ռազմագերիներին, առաջին անգամ տեսակցել նոյեմբերին գերեվարվածներին, օգնել կապ հաստատել հարազատների հետ։

«Կարմիր խաչից մեզ ասել են՝ ինչ հասնում է՝ արել ենք։ Բայց բերելու հետ կապված արդեն ՊՆ-ի, ԱԱԾ-ի գործն է, իրենք կապ չունեն, տեղեկություն էլ չունեն՝ տղաները ե՞րբ կգան, ո՞նց կգան, ի՞նչ կլինի»։

Գերեվարվածների թվում կան նաև շիրակցիներ, ովքեր պարբերաբար համարվում են մարզպետարանում, որտեղից էլ միայն ասում են, թե շուտով պատասխան կստանան։

«Ոնց հասկանում ենք, ոչ ոք այդ հարցով սրտացավ չէ։ Այսօր էլ ոչ մեկ ոչ մի տեղից պատասխան չի տվել։ Մեզ հույս են տալիս՝ ամսվա վերջ կգան բոլոր գերիները, բայց եթե էլի ոչ մի բան չլինի, այսպես մինչև ամսվա վերջ շարունակվի՝ բնականաբար կհասնենք Երևան»,- ասաց գերեվարվածի հարազատը։