Search
Close this search box.

Աբովյանի քաղաքապետ ընտրվեց Էդուարդ Բաբայանը

Այսօր Աբովյանի ավագանու առաջին նիստի ընթացքում առաջադրվել էր համայնքապետի 2 թեկնածու՝ Էդուարդ Բաբայանը (ԲՀԿ) և Պավել Ցուգունյանը (ՔՊ): Քվեարկության արդյունքում Աբովյանի քաղաքապետ ընտրվեց Բաբայանը:

Ավելի վաղ ՀՅԴ Աբովյանի կոմիտեն հայտնել է Աբովյան խոշորացված համայնքի ավագանու անդրանիկ նիստին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուի օգտին քվեարկելու իր մտադրության մասին։

Դեկտեմբերի 5-ին Աբովյանում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ: Ըստ ստացած ձայների արդյուքների «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել էր քվեների 46,28 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 36,65 տոկոսը, «Հանրապետություն» կուսակցությունը՝11,93 տոկոսը և «Հայ հեղափոխական դաշնակցությունը»՝ 5,12 տոկոս: Ըստ այդմ ԲՀԿ-ն կունենա 13 ավագանի, ՔՊ-ն՝ 10, «Հանրապետությունը»՝ 3, ՀՅԴ-ն՝ 1:

Բաբայանը 1992-1993թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, 1996-1997թթ.՝ ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատում:

Մասնակցել է Արցախյան ազատամարտին:

1990թ. ավարտել է Երեւանի մեքենաշինական տեխնիկումը: 2006թ.՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի սպորտային մանկավարժության եւ կառավարման ֆակուլտետը: Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մանկավարժ, ձյուդոյի մարզիչ:

1996-1997թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում (6-րդ վարչություն): 1998-2004թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում: 2004-2018թթ.՝ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության անձի անվտանգության եւ գույքի պահպանության բաժնում:

2017 թվականից Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի խորհրդականն է (հասարակական հիմունքներով):

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիվ 10 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երեք զավակ: