Search
Close this search box.

Վարդենիսում մանդատները չեն բաժանվի, ընդդիմությունը դատարան է դիմել

Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրության արդյունքներից հետո անորոշ իրավիճակ է։ Ձերբակալվել է «Միասնական Վարդենիս» դաշինքի ղեկավար Արամ Հարությունյանը։ Կիրակի օրը մանդատների բաժանման վերջին օրն է, սակայն Վարդենիսում մանդատները չեն բաժանվի։ Բանն այն է, որ ՔՊ-ն ընտրություններից հետո վերահաշվարկ է պահանջել, որի արդյունքում 3-4 ձայն անցել է իշխանությանը։ Վարդենիսի ավագանու անդամ Վարդան Մարգարյանն ասում է, որ այդ ձայները որոշիչ չեն, բայց այնուամենայնիվ ընդդիմությունը, նույնպես, դիմել է վարչական դատարան վերահաշվարկ անելու նպատակով։ Հիմա ընդդիմությունը սպասում է դատարանի որոշմանը։

«Համայնքում սպասողական վիճակ է, թե հետագայում ինչ արդյունքներ կլինեն՝ չեմ կարող ասել։ Վարչական դատարան ենք դիմել, կբացեն կտեսնենք»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Մարգարյանը։

Համայնքում տրամադրվածությունը վճռական է։

«Մարդիկ ուզում են անել այնպես, ինչպես օրենքի սահմաններում է, ամեն մարդ ուզում է իր ձայնին տեր կանգնի»,-նշեց Մարգարյանը։

Հարցին, թե ամեն դեպքում, եթե մանդատները բաժանվեն, իսկ Հարությունյանը շարունակի մնալ անազատության մեջ, որևէ խնդիր չի՞ առաջանա, պատասխանում է. «Դաշինք կազմելու արդյունքում ղեկավարը Ահարոն Խաչատրյանն է, Հարությունյանի մասով խնդիր չի առաջանա»։