Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միակողմանի խաղաղության քարոզչությունը սպառնալիք է ազգային անվտանգությանը

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության անդամների ջանքերով թարգմանվել են ադրբեջանական հանրակրթական դպրոցների 3-9-րդ դասարանների ադրբեջաներենի ու գրականության դասագրքերում տեղ գտած նյութերը, որտեղ անդրադարձ կա հայերին, և որոնք փաստում են՝ այդ երկիրը վարում է հայատյաց քաղաքականություն: Այս մասին այսօր «Տեսակետ» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեցին կուսակցության ներկայացուցիչները՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ միակողմանի խաղաղության քարոզչությունը և «ամեն գնով խաղաղության» տեսլականը սպառնալիք են ՀՀ ազգային անվտանգությանը, և ՀՀ-ի ու Ադրբեջանի ժողովուրդների խաղաղ գոյակցությունը տեսանելի ապագայում անհնար է:

Կուսակցության փոխնախագահ Արթուր Ավետիսյանն ասուլիսի ժամանակ ասաց, որ վերոնշյալ տեսլականը Հայաստանում տարածվում ու զարգանում է 44-օրյա պատերազմից հետո: «Խաղաղության քարոզչությունն օրակարգային կլիներ, եթե նման քաղաքականություն վարեր նաև Ադրբեջանը»,-նշեց բանախոսը՝ ընդգծելով, որ, ընդհակառակը, դեռ դպրոցական տարիքից ադրբեջանցի երեխաներին սերմանում են հայատյացություն, ինչի մասին էլ վկայում են իրենց ուսումնասիրությունները, որոնք ամփոփվել են տեղեկագրային գրքույկում:

Կուսակցության հանրային կապերի հանձնաժողովի պատասխանատու Հասմիկ Գաբրիելյանը, ներկայացնելով գրքույկում հրապարակված թարգմանությունները, առանձնացրեց գրականության դասագրքերում տեղ գտած նյութեր, որոնցում աղճատված է հայի կերպարը: «Վրեժ», «Գողը»՝ նման վերնագրերով նյութերում հայը ներկայացվում է որպես ադրբեջանական մշակույթը յուրացնող ազգ, մասնավորապես՝ նշվում է, իբրև թե հայերն ադրբեջանցիներից «գողացել են իրենց երաժշտությունը, ուտեստները, իսկ ամենակարևորը՝ հողերը»:

Բանախոսները պնդեցին, որ նման վարքագիծ դրսևորող երկրի պարագայում խաղաղությունն անհնար է, ուստի անհրաժեշտ է ամեն հնարավոր ձևով պայքարել այդ ամենի դեմ, ընդ որում, նրանց խոսքով, հայկական կողմը դրա համար ունի իրավաքաղաքական բոլոր հիմքերը:

«Հայահալած, ցեղասպան քաղաքականությունը Ադրբեջանի պաշտոնական գաղափարախոսությունն է, Ադրբեջանն ու Թուրքիան ֆաշիստական պետություններ են, որոնք վարում են հայատյաց քաղաքականություն»,-ասուլիսի ժամանակ իր խոսքում շեշտեց գաղափարական հանձնաժողովի պատասխանատու Վահե Թորոսյանը:

Այս համատեքստում անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին՝ նա նշեց, որ արցախահայությունն ի՛նքը պիտի որոշի իր ճակատագիրը: Արթուր Ավետիսյանն էլ հավելեց, որ դրա համար առաջին հերթին պետք է ապրեցնել Արցախը: «Արցախի հայկականությունն անսակարկելի է, մենք պիտի չմոռանանք հայկական գործոնի ու հայկական շահի մասին»,-ասաց նա: Բանախոսներն ընդգծեցին նաև, որ Արցախյան հիմնախնդիրը պիտի լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում՝ առաջ տանելով մեր շահերը:

Ասուլիսի ընթացքում անդրադարձ եղավ նաև սահմանագծմանն ու սահմանազատմանը: «Դեմարկացիան ու դելիմիտացիան հիանալի բան են, բայց ամեն մի քար ու թուփ պիտի քննարկվի»,-նշեց Ավետիսյանը՝ հավելելով, որ խաղաղությունը նույնպես լավ բան է, բայց պետք է իմանանք՝ ի՛նչ գնով և ինչի՛ հաշվին ենք գնում խաղաղության: Նրա խոսքով՝ ցանկացած բանական մարդ կողմ է խաղաղությանը, սակայն Հայաստանն ամեն կերպ պետք է պաշտպանի սեփական շահերը, պետք է հասկանանք, որ մենք գործոն ենք:

Վահե Թորոսյանն էլ ընդգծեց, որ 30 տարի, գինովցած Արցախյան առաջին պատերազմի հաղթանակով, չկարողացանք ճիշտ գնահատել իրավիճակը, զարկ տալ տնտեսությանը, բանակաշինությանը: Նրա խոսքով՝ այսօր պետք է մտածել գոյաբանական սպառնալիքները չեզոքացնելու ուղղությամբ, զինել սահմանամերձ վայրերում ապրող բնակիչներին: Թորոսյանը շեշտեց հատկապես կրթության որակի բարձրացման անհրաժեշտությունը: Հասմիկ Գաբրիելյանն էլ կարևորեց ինչպես ինքնաճանաչողությունը, այնպես էլ՝ հարևան երկրներին ճանաչելը, ինչը պիտի ընկած լինի հայկական կողմի գործունեության հիմքում:

Բանախոսներն ասուլիսի ավարտին մաղթեցին, որ 2022-ը Հայաստանի համար լինի հաղթանակների մեկնարկի տարի: