Search
Close this search box.

Բայդենի օգնականը մտահոգություն է հայտնել Բաքվի եւ Երեւանի միջեւ լարվածության առնչությամբ

ԱՄՆ Ազգային անվտանգության օգնական Ջեյք Սալիվանը չորեքշաբթի օրը Հայաստանի Անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել Երեւանի եւ Բաքվի միջեւ լարվածության վերաբերյալ։ Այս մասին ասվում է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Էմիլի Հորնի հայտարարության մեջ։

«Սալիվանը նշել է Միացյալ Նահանգների հանձնառությունը Հայաստանի եւ Հարավային Կովկասի խաղաղությանը, անվտանգությանն ու բարգավաճմանը։ Նա մտահոգություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շարունակվող լարվածության կապակցությամբ եւ ընդգծել, որ զինվորականների ցանկացած տեղաշարժ անորոշ սահմանների մոտ սադրիչ եւ անպատասխանատու է»,- ասված է հայտարարության մեջ։ Հորնը չի մանրամասնել, թե կոնկրետ որտեղ է կայացել հանդիպումը։

Ամերիկացի առաջնորդի օգնականը «ողջունել է կողմերի միջեւ շփումների շարունակությունը եւ նշել է Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել վստահության ամրապնդմանն ու կարգավորմանը տարածաշրջանում ինչպես երկկողմանի հիմքով, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ»: «Սալիվանը ողջունել է երեկվա հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան եւ Հայաստանը հատուկ բանագնացներ կնշանակեն՝ հարաբերությունների կարգավորման գործընթացը քննարկելու համար։ Սալիվանն իր երախտագիտությունն է հայտնել [Հայաստանի] վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին մասնակցելու համար եւ նշել մեր սերտ համագործակցությունը բարեփոխումների, ժողովրդավարական ինստիտուտների ստեղծման եւ Հայաստանի տնտեսական զարգացման ուղղությամբ»,- հավելել է Հորնը։