Search
Close this search box.

Իշխանությունը գրոհում է Երևանի քաղաքապետի դեմ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ առավոտյան մինի-կոլապս էր Երևանի կանգառներում: Բանն այն է, որ հանրային տրանսպորտի մի շարք երթուղիներ չէին աշխատում. վարորդները գործադուլ էին անում: Ինչպես պարզվեց, նրանք, մասնավորաբար, պահանջում էին աշխատավարձի բարձրացում, ինչպես նաև, ըստ քաղաքապետարանի պարզաբանման, «որոշ վարորդներ պահանջում են նաև վերադառնալ վճարման նախկին «պլանային» համակարգին, երբ վարորդը ստանում էր նվազագույն աշխատավարձ և ուղեվարձերից «սև» եկամուտ»։

Ի դեպ, քաղաքապետարանի տարածած հայտարարությունից պարզ է դառնում, որ ներկայումս քաղաքապետարանը հանրային տրանսպորտի վարորդներին վճարում է մաքուր (հարկերը հանած) շուրջ 260 000 դրամ աշխատավարձ… 15 օրվա աշխատանքի համար։ Արտաքուստ սովորական աշխատանքային հարաբերություններ են, սովորական դժգոհություններ, առավել ևս, որ վարորդների բարձրացրած հարցերը կարճ ժամանա կում կարգավորվել են:

Սակայն , «Փաստ» թերթի տեղեկություններով, այս «բոյկոտը», մեղմ ասած, այնքան էլ ինքնաբուխ չէ, ավելին, հրահրված է հենց իշխանական շրջանակների կողմից: Նպատակը շատ հստակ է՝ հնարավորինս վարկաբեկել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որին նաև իշխանության ներսում են շատերը համարում «համարյա միակ աշխատող պաշտոնյան», ինչն էլ նյարդայնացնում է բոլոր ոլորտներում ձախողվող իշխանությանը: Մեր աղբյուրը փոխանցում է, որ Փաշինյանը հրահանգել է մաքսիմալ հիմքեր ստեղծել Մարությանից արագորեն ձերբազատվելու և, քանի որ ավագանու ցուցակում փոքրիշատե, նույնիսկ այս իշխանության զրոյական չափանիշներով համապատասխան փոխարինող չկա, 2022 թվականին Երևանի ավագանու արտահերթ ընտրություն անցկացնելու համար:

Ընդ որում, եթե ամեն ինչ իրենց ուզածով գնաց, ՔՊ-ն ցանկանում է որպես քաղաքապետի թեկնածու առաջադրել Տիգրան Ավինյանին, որը վերստին ջերմացրել է իր հարաբերությունները Փաշինյանի հետ: Ի դեպ, շատ հետաքրքիր «զուգադիպությամբ», վերջին 2-3 օրերին, վարորդների «բոյկոտին» զուգահեռ, սոցցանցերում և իշխանական ԶԼՄ-ներում նոր, բավականին մեծ թափով արշավ սկսվեց քաղաքապետարանի ու անձամբ Մարությանի դեմ»: