Search
Close this search box.

Ժամկետային զինծառայող Գոռ Մարտիրոսյանը վիրավորում ստացել է ոչ թե գլխի, այլ՝ կրծքի շրջանում՝ մի քանի մետրից. Ազգականը հակադարձում է ՔԿ-ին

Դեկտեմբերի 5-ին մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Գոռ Մարտիրոսյանը վիրավորում ստացել է ոչ թե գլխի, այլ՝ կրծքի շրջանում՝ մոտ տարածությունից։ Այս մասին «Փաստինֆո»ի հետ զրույցում ասաց Գոռի հարազատներից մեկը։

Հիշեցնենք, որ ՊԲ-ն դեկտեմբերի 5-ին պաշտոնական հայտարարությամբ էր հանդես եկել՝ հայտնելով, որ նույն օրը՝ ժամը 21.20-ի սահմաններում ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող 2002թ ծնված Գոռ Մարտիրոսյանը։ Նույն աղբյուրը նաեւ նշել էր, որ զինծառայողը վիրավորումն ստացել է դեռևս չպարզված հանգամանքներում, իսկ օրեր անց ՀՀ Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ին հայտնել էին, որ զինվորն սպանվել է հակառակորդի կողմից եւ քրեական գործը հարուցվել էր հենց այդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության մոլեռանդության շարժառիթով կատարված սպանությունը (ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետ)։

Նախաքննական մարմնից հայտնել էին, որ դեպքը տեղի է ունեցել չեզոք գոտում՝ Շուշիի «Նոյան Տապան» կոչվող նախկին հյուրանոցի մոտակայքում, որտեղ Գոռը և ընկերը շարժ են նկատել։ Ըստ վարույթ իրականացնող մարմնի, Գոռ Մարտիրոսյանն ընկերոջն առաջարկել է վերադառնալ, իսկ ինքը մնացել է, սկսել են կրակել, Գոռն արձակել էր 15 կրակոց, իսկ մահացու վիրավորումը ստացել էր գլխի շրջանում, մինչդեռ, Գոռի հարազատներից մեկը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմեց, որ նա կյանքի հետ անհամատեղելի վնասվածքն ստացել է ոչ թե գլխի, այլ՝ կրծքի շրջանում՝ կրծքից երկու-երեք մատ վերև շրջանում, ընդ որում, բավականին մոտ հեռավորությունից՝ 10 մետր հեռավորությունից, այնքան մոտ, որ մաշկն այրվել է, փամփուշտը թիկունքից դուրս է եկել, վերքը վարդի տեսքով էր՝ գրեթե բռունցքի չափով։

«Ինչպե՞ս կարող են մարդու սրտին կրակեն 10 մետրից, ինքը 10 մետր այս կողմ գա, ընկնի, մի հատ էլ՝ 15 փամփուշտից ավել կրակոց արձակի։ Դա հեքիաթի ժանրից է։ Լավ է՝ չեն ասում, մի հատ էլ վիրավոր ընկերոջն է փրկել։ Ուրեմն՝ իրեն կամ այնտեղ կրակել են, քարշ են տվել, հետո իր ավտոմատից կրակել 15 հատ, իբրև՝ նման դեպք է եղել։ Իր ձեռքերն արյան մեջ են եղել, ավտոմատը՝ ոչ»,- նշեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ արդյո՞ք բացառում են դիվերսիոն ներթափանցումը, մեր զրուցակիցը նշեց՝ այնտեղ, որտեղ դեպքը եղել է՝ բացառում է. «Բա որտե՞ղ էին պոստավոյները, եթե այդտեղ դիվերսիա է հասել, ով էր պոստին կանգնած։ Եթե ինքը պոստին լիներ, զրահաբաճկոնով կլիներ, ինքն առանց զրահաբաճկոնի դիրք չէր բարձրանում, ես շատ լավ գիտեմ։ Կամ, եթե ինքը դիրքում չի, իր ավտոմատն ի՞նչ գործ ուներ մոտը»։ Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ Գոռը ծառայել է Ցորում, իսկ դեպքը դիրքում չի եղել, այլ ավելի հեռու, հետեւապես հարց է առաջանում, թե դիվերսիոն խումբն այդտեղ ինչպե՞ս է հասել։ Բացի այդ՝ հարց է առաջանում նաև, թե որտեղ էին ռուս խաղաղապահները։ Ազգականները մտահոգություն ունեն, որ, հնարավոր է ցանկանում են գործը կոծկել, քանի որ սպայական կազմը շատ բան է խոսել, հերթով պատասխան կտան։ «Գոռն իրեն վատ չէր զգում, շատ խելոք, համեստ տղա էր, թշնամի չուներ, չէր կարող որևէ մեկի նկատմամբ ճնշումներ գործադրել»,- ասաց զրուցակիցը՝ ավելացնելով, որ նույնը չի կարող ասել սպայական կազմի մասին, նրանց հետ նախկինում կոնֆլիկտներ ունեցել է։

Գոռն ապրում էր ՌԴ-ում, Հայաստան է եկել՝ հատուկ ծառայություն անցնելու համար, իր ծառայությունից անցել էր 50-70 օր, երբ սկսվել է պատերազմը։