Search
Close this search box.

Բրյուսելից առաջ ՌԴ-ն զգուշացնում է Հայաստանին

«Հուսով ենք, որ երկու պետությունների ղեկավարները հանդիպումից հետո, որը նախատեսված է դեկտեմբերի 15-ին Բրյուսելում, կվերահաստատեն հավատարմությունը բոլոր եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը։ Հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին աջակցությունը կվերահաստատվի… Այս փուլում նրա գործունեությունը կենտրոնացած է առաջնահերթ հումանիտար բնույթի խնդիրների լուծման վրա», ավանդական ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

Զախարովայի ղեկավարը՝ Լավրովը, արձագանքելով ՀՀ ԱԺ նախագահի՝ Լավրովի պլանի հիշատակմանը, նույնպես պնդել էր, որ Մինսկի խումբը պետք է զբաղվի բացառապես հումանիտար օրակարգով։

Դեկտեմբերի 15-ին Բրյուսելում, ԱլԳ շրջանակում նախատեսված է Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Նոյեմբերի 26-ին Սոչիում եռակողմ հանդիպմանը Պուտինը ողջունել էր Փաշինյանի ու Ալիեւի՝ Բրյուսելում դեկտեմբերի 15-ին հանդիպելու պատրաստակամությունը․ «Որքան շատ լինեն անմիջական շփման հնարավորությունները, այնքան լավ։ Ես վերջերս այդ մասին խոսել եմ Եվրախորհրդի նախագահ պարոն Միշելի հետ, նա ձեզ սպասում է»:

Դրանից մեկ օր առաջ Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Շառլ Միշելի հետ եւ, ըստ Կրեմլի հաղորդագրության, տեղեկացրել եռակողմ հայտարարությունների ընթացքի մասին։ Նշենք, որ Սոչիի հանդիպումը հապշտապ հրավիրվեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Միշելի նախաձեռնության մասին։ Բրյուսելի հանդիպումը մոսկովյան օֆիցիոզի եւ դրա երեւանյան մասնաճյուղերի կողմից գնահատվեց որպես Արեւմուտքի՝ Արցախի խնդրի քաղաքական կարգավորումը ստանձնելու, Մոսկվայի եռակողմ հայտարարությունները վերանայելու փորձ։ Մոսկովյան օֆիցիոզը Բաքվին նույնիսկ կասկածեց դավաճանության մեջ՝ «մենք ձեզ համար այդքան բան ենք արել՝ օգնել ենք հաղթել հայերին, չեզոքացրել ենք Մինսկի խմբին, Ալիեւը գնում է Բրյուսել ի՞նչ անի»։ Ճիշտ է՝ Բաքուն արագ փարատեց ռուսական կասկածները՝ հանդիպումներին գնում են զուտ մարդասիրական օրակարգի քննարկման պայմանով։

Կրեմլի եւ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունները Բրյուսելից առաջ զգուշացում են Հայաստանին՝ չշեղվել եռակողմ հայտարարության ձեւաչափից։ Մոսկվան փորձում է Մինսկի խումբը, ՄԱԿ-ը եւ այլ կառույցներ օգտագործել եռակողմ հայտարարությունները որպես կարգավորում ճանաչելու եւ «հումանիտար հարցերը» նրանց ֆինանսական ու այլ ռեսուրսներով լուծելու համար։ Այս ջանքերն առայժմ շոշափելի արդյունքներ չեն տալիս, թեեւ ՄԽ հայտարարություններում աստիճանաբար թուլանում է քաղաքական կարգավորման հանձնառությունը։

Մոսկվայի ու Բաքվի համակարգված գործողությունները թվում է նվազեցնում են հայկական կողմի հնարավորությունները, այնուամենայնիվ դրանք կան, եւ ամեն ինչ կախված է ՀՀ իշխանության դիրքորոշումից։ Դրա համար անհրաժեշտ է հանդես բերել ինքնիշխան նախաձեռնություններ եւ որոշակի դերակատարության հայտ, խորհրդարանում հայկական շահի ու պահանջների վերաբերյալ որոշումներով։ Դրանք սակայն բացակայում են, կառավարությունն անշեղորեն առաջ է տանում ռուսական «խաղաղ դարաշրջանը», իսկ խորհրդարանը Փաշինյան-Քոչարյան տանդեմով խուսափում է նման որոշումների կայացումից։

lragir.am