Search
Close this search box.

Ինչպես է Իսրայելն ազատել իր գերիներին ու պատանդներին

Իսրայելի քաղաքականությունը գերիների հարցում
Սիմոնյանի մի պնդում, սակայն, երկու տեսանյութում էլ ամբողջական է ներկայացված ու միանշանակ է։ Խոսելով Իսրայելի՝ իր գերիների հանդեպ քաղաքականության մասին՝ Սիմոնյանն ասում է. «Իսրայելը, երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը էդ տեռորիստի հետ չի բանակցում, ինքը խփում ա էդ ինքնաթիռը»։

Իսրայելի պատմության մեջ միակ դեպքը, երբ այդ երկիրը քաղաքացիական ինքնաթիռ է խոցել, տեղի է ունեցել 1973 թ. փետրվարի 21-ին, երբ Լիբիական ավիաուղիների Boeing 727 ինքնաթիռը եղանակային վատ պայմանների պատճառով մոլորվել և հայտնվել էր Իսրայելի կողմից վերահսկվող Սինայի թերակղզու օդային տարածքում։ Իսրայելի զինված ուժերի երկու F-4 կործանիչ փորձում են իջեցնել ինքանթիռը, որում կար 113 անձ, սակայն օդաչուները չեն ենթարկվում ինքնաթիռը իջեցնելու պահանջին։ Կործանիչներից մեկի իսրայելցի օդաչուն պահանջում է, որ ինքնաթիռը վայրեջք կատարի, սակայն ուղևորատարի օդաչուն չի ենթարկվում, որից հետո կործանիչները խոցում են այն։

Այս միջադեպում, սակայն, ահաբեկիչների և գերիների մասին խոսք չկա։ Ըստ Իսրայելի՝ ինքնաթիռը խոցվել է, քանի որ մտավախություն կար, որ այն լրտեսություն է իրականացրել ռազմական օբյեկտների նկատմամբ։

1972 թ. մայիսի 8-ին պաղեստինյան «Սև սեպտեմբեր» կազմակերպության չորս անդամ առևանգեցին Բրյուսելից Իսրայելի Լոդի օդանավակայան թռչող ինքնաթիռը։ Ինքնաթիռի բրիտանացի օդաչուն պարտադրված վայրէջք է կատարում Լոդի օդանավակայանում։ Պաղեստինցի զինյալները Իսրայելից պահանջում էին բանտարկված 315 պաղեստինցիների ազատ արձակումը: Նրանք սպառնում էին, որ հակառակ դեպքում կպայթեցնեն ինքնաթիռը։ Հաջորդ օրը Իսրայելի հատուկ ջոկատայինները, որոնց առաջնորդում էր ապագա վարչապետ Էհուդ Բարաքը, քողարկված մոտենում են ինքնաթիռին և հաջողությամբ փրկում պատանդ վերցված 90 ուղևորներին։

Իսրայելի՝ իր գերիների արժևորման ամենանշանակալից դեպքը, սակայն, տեղի է ունեցել 2011 թ. հոկտեմբերին, երբ մեկ իսրայելցի ռազմագերու՝ Գիլադ Շալիթի դիմաց Իսրայելը հանձնեց 477 պաղեստինցի բանտարկյալի։ Երկու ամիս անց Իսրայելը ազատ արձակեց ևս 550 բանտարկյալի։ Շալիթը հինգ տարի անցկացրել էր Գազայի հատվածում՝ պաղեստինյան Համաս կազմակերպության գերության մեջ։

1976-ի հունիսի վերջին Air France-ի՝ Թել Ավիվից Փարիզ թռչող Airbus A300 ինքնաթիռն առևանգեցին երկու պաղեստինցի և երկու ձախական գերմանացի, որոնք այն ուղղեցին Լիբիայի Բենգազի քաղաք, որտեղից էլ այն մեկնեց Ուգանդա։ Այդ երկրի բռնապետը՝ Իդի Ամինը, նախապես գիտեր ծրագրի մասին և իր աջակցությունն էր հայտնել կազմակերպիչներին։ Արդեն Ուգանդայում իսրայելցի և հրեա ուղևորներն առանձնացվեցին, իսկ մյուսները օրերի ընթացքում ազատ արձակվեցին։ Կազմակերպիչները Իսրայելից և այլ երկրներից պահանջում էին պաղեստինցի և նրանց աջակցող 53 բանտարկյալի ազատ արձակումը։ Իսրայելը մեկ շաբաթ նախապատրաստումից հետո հուլիսի 4-ին շուրջ չորս հազար կիլոմետր հեռավորության վրա Ուգանդա ուղարկեց 100-200 հոգանոց հատուկ ջոկատայինների խումբ, որը շատ կարճ ժամանակում հաջողությամբ փրկեց 106 պատանդից 102-ին։

Այսպիսով, Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե Իսրայելը չի բանակցում ինքնաթիռը առևանգած ահաբեկիչների հետ, այլ խփում է, անհիմն է։ Իսրայել Պետությունը գործադրում է առավելագույն ջանքեր իր գերիներին և պատանդներին ազատ արձակելու համար։