Search
Close this search box.

«Փաստ». ԲՀԿ-ն կրկին դիրքավորվում է. խոսուն ու խորհրդանշական արդյունքներ հատկապես Եղեգնաձորում ու Աբովյանում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԲՀԿ-ն իր ստեղծման պահից ի վեր առաջին անգամ չհաղթահարեց անցողիկ շեմը և այս խորհրդարանում ներկայացված չէ: Այն ժամանակ տարաբնույթ քննարկումներ եղան, կանխատեսումներ, թե կուսակցությունը աստիճանաբար կթուլանա, և այլն:

Սակայն այդ օրերին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ մանդատով չէ ամեն ինչ պայմանավորված: Նա նշել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակելու է անել հնարավոր ամեն բան երկրում հետպատերազմական ճգնաժամը հաղթահարելու համար:

«Խորհրդարանում չլինել, չի նշանակում չզբաղվել քաղաքականությամբ»,- ասել էր նա՝ հավելելով, որ կուսակցության գրասենյակները լիարժեք բաց են լինելու, նույն թափով աշխատելու են: Կիրակի օրը կայացած ընտրություններին ԲՀԿ-ի մասնակցությունը փաստացի ցույց տվեց, որ ԲՀԿ-ն, որպես քաղաքական ուժ, կրկին դիրքավորվում է, ընդ որում՝ բավականին տպավորիչ կերպով: Մասնավորաբար, Եղեգնաձոր քաղաքում «Դավիթ Հարությունյան» դաշինքի ջախջախիչ հաղթանակը՝ 63,48 տոկոսով, ինքնին չափազանց խոսուն է: Հիշեցնենք, որ այս դաշինքը կազմված է «Բարգավաճ Հայաստան» և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություններից, իսկ Դավիթ Հարությունյանն ինքը ԲՀԿ անդամ է:

Բավականին տպավորիչ ու խորհրդանշական էին Աբովյանում արձանագրված արդյունքները. ԲՀԿ ցուցակը, որը գլխավորում է Էդուարդ Բաբայանը, ստացել է ավելի քան 10400 քվե: Շոշափելի արդյունքներ են գրանցվել նաև մի քանի այլ համայնքներում: Մասնավորաբար, Աշոցքում ԲՀԿ-ն ստացել է 32 տոկոս քվե, իսկ Փամբակում՝ 28,5 տոկոս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում