Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զիջելու միակ տարբերակը ինձ զնդանում փակելն է. Մամիկոն Ասլանյան

Ճնշումների, վախեցնելու մասին կխոսեմ ավելի ուշ, որոշ մարդկանց անվտանգությունից ելնելով. քրեական պատասխանատվության ենթարկելու ճնշումների տակ, թիմակիցներից ոմանց անգամ հանել են ցուցակներից. դրա մասին հետո կխոսեմ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Վանաձորում քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

«Բայց մեր թիմը վախեցող չի, իմ թիկունքին կանգնած է վանաձորցին: Ես այս պահին որեւէ քաղաքական ուժի հետ համագործակցություն բացառում եմ ու բացառելու եմ զուտ քաղաքական համագործակցության տեսակետից, որովհետեւ ես քաղաքական տրամաչափով չեմ մտել այս պրոցեիս մեջ: Մերը համայնքային քաղաքականություն է: Նույնիսկ եթե կան ուժեր, որոնք այս ընտրություններին չեն մասնակցում, ես իրենց հետ ունեմ համագործակցույթան եզրեր: Իմ քաղաքապետ եղած ժամանակ երբեք քաղաքական տարբերակումներով ոչ մարդիկ ընդունվել են, ոչ ազատվել են աշխատանքից: Ինձ զիջելու միակ տարբերակը զնդանում փակելն է, ես որեւէ մեկին որեւէ բան զիջելու բան չունեմ, էս քաղաքը աճուրդի, զիջելու առարկա չի, կուսակցականության առարկա չի»,-ասաց նա: Հարցին, թե ինչ կանի, եթե 50 տոկոսը չհաղթահարեն, Ասլանյանը վստահ արձագանքեց. «կհաղթահարենք»:

Մամիկոն Ասլանյանի խոսքով՝ անհեթեթ են պնդումները, թե թե քաղաքին սպասարկող «Կամազն» անսարք է, երբ չեն էլ պարզել, թե խնդիրն ինչից է, տեխնիկական փոքր հարց է, որը արագ կարող էին լուծել 5 օր խոսելու փոխարեն։ Ըստ նրա՝ շատ նորմալ է, որ երրորդ քաղաքն ունի ընդամենը երկու տեխնիկա, որովհետեւ Վանաձորի համար 2 տեխնիկան 6 ժամում կարողանում էր ամբողջ քաղաքը շրջել։

«Էդ ո՞նց է՝ մանկապարտեզի վարիչի պաշտոնը գիշերը աճուրդի են հանում, առավոտն արդեն նոր վարիչ կա: Պոլիկլինիկայի վարիչը դեռ չհանած՝ արդեն գիտեն, թե ում են նշանակում, իսկ քաղաքապետարանի կոմունալ բաժնի ղեկավարն ու տեղակալը արձակուրդում են, չէին մտածում, որ քաղաքում ձյուն է գալու, մի կամազի տեխնիկական խնդրի հարց չեն կարողացել լուծել»,-եզրափակեց նա։

Նշենք, որ Վանաձորը Հայաստանի երրորդ քաղաքն է, այստեղ ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 10 քաղաքական ուժ: