Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աբովյանում ՔՊ-ի քարոզարշավի վերջին խայտառակ օրը

Ռոմանոս Պետրոսյանը` իր շրջակա միջավայրով, այսօր Աբովյան խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի վերջին օրը կազմակերպել էր քայլերթ՝ ցույց տալու համար, թե ինչ հսկայական աջակցություն ունի իր պաշտպանած թեկնածուն:

Պետրոսյանն այդ երթը կարող էր կազմակերպել ցանկացած վայրում, այդ թվում նաև իր ղեկավարած նախարարության բակում, ու այդպես թերևս ավելի արդյունավետ կլիներ. Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցներն անհարմարություն չէին ունենա նախարարությունից հասնել Աբովյան ու մասնակցել երթին: Դուրս կգային նախարարության դիմացի ազատ տարածքն ու այնտեղից կգնային ասենք Հանրապետության հրապարակ:

Այդ դեպքում նաև նախարարության ծառայողական մեքենաներն էլ ներկուսակցական խնդիրների լուծման համար չէին ծառայի և պետական բենզինն անիմաստ չէր վատնվի: Բայց մյուս կողմից երթին նաև Աբովյանի հարակից համայնքի բնակիչներն էին բերման ենթարկվել. Հրազդանից, Արգելից, ու նույնիսկ ասում էին հեռավոր Իջևանից: Բայց միևնույն է, տեսարանը, մեղմ ասած, ողորմելի էր ստացվել, ոչ միայն այն պատճառով, որ երթը սակավամարդ էր, այլ որովհետև երթին Աբովյանից գրեթե մարդ չէր մասնակցում:

Ռոմանոս Պետրոսյանն իր ունեցած ամբողջ վարչական և կուսակցական ռեսուրսը գործի դնելով՝ հազիվ 600-700 մարդ էր մոբիլիզացրել Աբովյանում, դրանով ցույց տալով, թե ինչպիսի խայտառակ վարկանիշ ունի Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը Աբովյանում մասնավորապես, և ամբողջ Հայաստանում ընդհանրապես:

Այսօրվա երթին չէր մասնակցում նաև վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը: Մինչդեռ 2019թ-ի Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախընտրական քարոզարշավի եզրափակիչ երթին Փաշինյանը քայլում էր երթի առջևից՝ հույս ունենալով, որ իր վարկանիշը կարող է օգնել քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուին՝ հաղթել ընտրություններում, ինչը բարեբախտաբար տեղի չունեցավ:

Հիմա Փաշինյանը գերադասում է իր բացակայությամբ չխանգարել իր թեկնածուներին, քանի որ հասկանում է՝ իր ներկայությունը  կարող է ավելի ծանր անդրադառնալ թեկնածուի վարկանիշի վրա: Ինչ-որ իմաստով Փաշինյանի բացակայությունը պետք է դրական համարել այն իմաստով, որ գոնե նա իրատեսորեն է գնահատում հասարակության վերաբերմունքը իր անձի նկատմամբ:

Ինչ վերաբերվում է Ռոմանոս Պետրոսյանին և նրա թեկնածու Պավել Ցուգոնյանին, ապա նրանք պետք է գնան մինչև վերջ, մինչև հերթական պարտություն: Նրանք այլևս ոչինչ չունեն կորցնելու՝ ոչ վարկանիշ, ոչ հեղինակություն և ոչ էլ անգամ պաշտոն: Նույնիսկ պարտության և խայտառակության դեպքում Ռոմանոս Պետրոսյանը համոզված է, որ ինքը չի կորցնի նախարարական պաշտոնը: Չի կորցնի, քանի որ Նիկոլ Փաշինյանն այն վիճակում չէ, որ զբաղվի իր առանց այն էլ նոսրացած թիմին պատժելով:

Կամ եթե պատժելու լինի, ապա պետք է սկսի իրենից, քանի որ ինչ կարող են անել Ռոմանոս Պետրոսյանը կամ Պավել Ցուգունյանը. նրանք չեն հայ հասարակության հեղափոխություն ու պայծառ ապագա խոստացել, նրանք չեն Արցախն հանձնել, պատճառ դարձել 5 հազարից ավելի երիտասարդների մահվան, և 10 հազարից ավելիի հաշմանդամության, ազգային ողբերգության և խայտառակության: Այնպես որ, դեկտեմբերի 5-ի պարտությունից հետո կարող են մխիթարվել ու անցնել իրենց հիմնական գործին՝ հայրենի բնության և բնաշխարհի անխնա ոչնչացմանը: Ինչ իմանաս, թե դեռ որքան ժամանակ ունեն նրանք այդքան հաճելի գործով զբաղվելու համար:

Լուսանկարներում պատկերված են հնարավոր այն միջոցները, որոնք պետք է Աբովյանում ապահովվեին ՔՊ-ի երթի բազմամարդությունը․ Պիկապ մեքենաները, ենթադրվում է, որ պատկանում են Շրջակա միջավայրի և բնապահպանության նախարարությանը:

Պիկապ մեքենաներ

Գազելներով մարդիկ Աբովյանում

Մեքենա Արգել համայնքից, որը Աբովյանի խոշորացման հետ կապ չունի

Հրազդանից երթի մասնակիցներ Աբովյանում․ Տեսանյութը այստեղ