Search
Close this search box.

Վարչապետի աշխատակազմի՝ վթարի ենթարկված աշխատակիցները գործուղվել էին Կոթի՝ Վանո Սիրադեղյանի հրաժեշտի միջոցառումները կազմակերպելու. պարզաբանում

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պարզաբանում է ներկայացրել Դիլիջան-Իջևան ճանապարհահատվածում մեքենայի վթարի վերաբերյալ՝ տեղեկացնելով, որ վթարի ենթարկված աշխատակիցները գործուղվել էին Կոթի՝ պետական, հասարակական գործիչ Վանո Սիրադեղյանի հրաժեշտի միջոցառումները կազմակերպելու նպատակով։

«Ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմին ուղղված հարցումների՝ տեղեկացնում ենք, որ նախօրեին Դիլիջան-Իջևան ճանապարհահատվածում վթարված մեքենան ամրագրված է վարչապետի աշխատակազմում։

Վթարված մեքենայում եղել են վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Հովհաննես Պողոսյանը և փորձագետ Արմեն Անդրիասյանը, որոնք գործուղվել էին Կոթի համայնք՝ Վանո Սիրադեղյանի հրաժեշտի միջոցառումները կազմակերպելու համար։

Մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած Հովհաննես Պողոսյանը Վանո Սիրադեղյանի թաղման հանձնաժողովի անդամ է։

Խորհուրդ ենք տալիս զերծ մնալ ապատեղեկատվությունից և շահարկումներից»,- ասվում է վարչության պարզաբանման մեջ։

Հիշեցնենք՝ թաղման անձնաժողովի նախագահն է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Պետական գործչի հուղարկավորությունը նախատեսվում է վաղը՝ Կոթի գյուղում՝ ժամը 12:00-ին: