Search
Close this search box.

Այս փուլում դեռ քննարկվում են երթուղիները. փոխնախարարը՝ ապաշրջափակման մասին

Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար դեռ քննարկվում են երթուղիները, պարզ է, թե երկաթուղու դեպքում ինչ ուղղություններ կարող են լինել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Այս փուլում դեռ քննարկվում են երթուղիները, սահմանով անցնելու գործընթացները»,-ասաց Սիմոնյանը:

Փոխնախարարը դեռ չի կարող hստակ բան ասել, քանի որ որևէ հստակություն չկա, ապաշրջափակումից բացի որևէ այլ բան չի քննարկվում և չի քննարկվելու:

Սիմոնյանը հիշեցրեց, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ որպես առաջնահերթություն են դիտարկվում երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները:

«Ամեն ինչ պարզ է, թե երկաթուղով ինչ ուղղություններ ունենք. մեկը Երասխից դեպի Նախիջևան գնացող ուղղությունն է, մեկը մեր հարավային հատվածով անցնող ուղղությունն է, մի ուղղություն ունենք, որը Հրազդանից Իջևանով գնում է դեպի Ադրբեջան: Ունենք ևս մի ուղղություն, որն այսօր գործում է, դա Վրաստանի տարածքով է: Եվ դարձյալ մեկ երկաթուղային ուղղություն ունենք, որը դեպի Թուրքիա է գնում: Ամեն ինչ հստակ է, որ կան այսպիսի ուղղություններ՝ երկաթուղու մասով»,- ասաց փոխնախարարը՝ ամփոփելով՝ կոնկրետ Ադրբեջանի հետ ունենք Երասխից, Հրազդանից Մեղրիի հարավային հատվածով անցնող ուղղություններ:

Խոսքը տարանցիկ փոխադրումների մասին է: Այսինքն՝ Հայաստանը Ադրբեջանի տարածքով երկաթուղային և ավտոմոբիլային կապ է ստանալու իր ռազմավարական գործընկերոջ՝ ՌԴ-ի հետ, Նախիջևանի տարածքով՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Սրանք են հիմնական ուղղությունները, որոնք, հնարավոր է, այս պարագայում ապաշրջափակվեն: