Search
Close this search box.

ՌԴ-ն ևս կարող է աշխարհի քարտեզը ներկել տարբեր գույներով. Լավրովը` «թուրքական աշխարհի քարտեզի» մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նվիրված «թուրքական աշխարհի քարտեզին», որում ընդգրկվել է Ռուսաստանի հարավային հատվածները, Արևմտյան Սիբիրը և այլ երկրների տարածքները: Դաշնության խորհրդի նիստում Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ևս կարող է աշխարհի քարտեզը ներկել տարբեր գույներով՝«ցեղակիցների» բնակության վայրին համապատասխան, և այդ գույները կզբաղեցնեն աշխարհի գրեթե բոլոր տարածաշրջանները:

«Ես ոչ մի ամոթալի բան չեմ տեսնում ցեղակիցների հետ կապը պահպանելու մեջ: Եվ մենք ևս ունենք այդպիսի տարածք մեր ցեղակիցների և մեր հայրենակիցների, մենք նույնպես կարող ենք ներկել աշխարհի քարտեզը որոշակի գույներով՝ նրանց տալով տարբեր տոնայնություն: Դա, առաջին հերթին, ողջ հետխորհրդային տարածքն է, դա, իհարկե, ԽՍՀՄ ժողովուրդները ներկայացնող մեր հայրենակիցների հսկայական քանակն է Գերմանիայում, Եվրոպայի այլ երկրներում, Իսրայելում,ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայում» — ասել է Լավրովը:

Ավելի վաղ, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ափսոսանք էր հայտնել, որ թուրքական աշխարհի քարտեզի վրա, որը նվիրել են Էրդողանին, չկա մեծ կարմիր աստղ թուրքական աշխարհի կենտրոնում, որը պատմականորեն գտնվում է Ռուսաստանի Դաշնության Ալթայ երկրամասում: