Search
Close this search box.

Հովիվները դաշտերից գալիս, ասում են՝ թուրք չկա. գյուղապետը չի հաստատում, որ հակառակորդը հետ է քաշվել Իշխանասարի դիրքերից

Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը NEWS.am-ի հետ զրույցում չի հաստատում, որ Իշխանասարի հատվածից ադրբեջանական զորքը հետ է քաշվել։

Նա ասաց, որ Սյունիքում նոյեմբերի 16-ին տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայող չի տեսել։

«Մեր գյուղի հովիվները դաշտերից գալիս, ասում են, որ այնտեղ թուրք չկա։ Հիմա այնտեղ շատ ցուրտ է, չգիտեմ՝ ինչքան են գնացել, ինչքան են մնացել։ Չեն երեւում այդ մարդիկ։ Տեխնիկան էլ չի երեւում, ոչինչ չի երեւում»,- ասաց նա։

Ավելի վաղ գյուղապետը factor.am-ին ասել էր, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները հետ են քաշվել մինչեւ այն տարածք, որտեղով մինչ այդ անցնում էր Խորհրդային Ադրբեջանի սահմանը։

Նշենք, որ լրատվամիջոցների հետ զրույցում Սիսիանի համայնքապետի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանն ասել է, որ երեկվա դրությամբ ադրբեջանական զորքերը հետ չեն քաշվել, իսկ այսօր դեռ պետք է ճշտի հրամանատարներից։