Search
Close this search box.

Ցավոք, միջադեպեր, որոնք չեն լինում առանց զոհերի. Պուտինն Ալիևի հետ հանդիպմանն անդրադարձել է սահմանային միջադեպերին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, սահմանային միջադեպերին: ՌԴ նախագահը նշել է, որ տարածաշրջանում կայունության ապահովման գործում մեծ դեր ունեն ռուս խաղաղապահները:

«Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասին մենք կխոսենք եռակողմ հանդիպման ձևաչափով, մեզ շուտով կմիանա Հայաստանի վարչապետը և մենք կշարունակենք այդ քննարկումը: Ես կարծում եմ, որ այստեղ դերակատարում ունեն մեր խաղաղապահները: Ցավոք, կան խնդիրներ, միջադեպեր, որոնք չեն լինում առանց զոհերի, բայց մենք հենց դրա համար ենք այսօր հավաքվել, որ տեսնենք, թե ինչ է արվել և թե ինչ պետք է արվի ոչ միայն նման դեպքերից խուսափելու համար, այլև հակառակը՝ իրավիճակի հանդարտեցման այնպիսի պայմաններ լինեն, որը թույլ կտա տարածաշրջանում մարդկանց հանգիստ ապրել, երկրներին էլ՝ զարգանալ»,-ասաց Վլադիմիր Պուտինը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է՝ քաղաք Սոչիում։ Նախատեսված է Հայաստանի վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը։ Տեղի է ունենալու նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը։