Search
Close this search box.

«Պատրաստ եմ իմ ազգի համար լինել և՛ հավաքարար, և՛ առաջնորդ». Ռուբեն Վարդանյան

Հայազգի ռուսաստանաբնակ գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը РБК-ին ծավալուն հարցազրույց է տվել, որում խոսել է այն մասին, թե ինչպիսի Հայաստան պետք է կառուցվի, սոցհարցումների արդյունքում բացահայտված երևույթների և երկրի «և’ հավաքարարը, և՛ առաջնորդը» լինելու իր պատրաստակամության մասին։
«Նախ, պետք է խոստովանել, որ պատերազմը շատ լուրջ հետք է թողել հայության գիտակցության վրա թե՛ Հայաստանի ներսում, թե՛ դրսում, այն տեսանկյունից, որ եղել է պարտություն։ Եվ այս առումով՝ նոյեմբերի 9-ը սառը ցնցուղ էր, բայց կարևոր պահ՝ հասկանալու, թե որտեղ ենք գտնվում։ Մյուս կողմից, պետք է ասել, որ «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» վիճակը, որում մենք ապրում էինք պատերազմական գործողություններից առաջ, ցավոք, մնաց նաև դրանից հետո։ Կարծես թե հրադադարի պայմանավորվածություն կա, միաժամանակ, ինչ-որ անհասկանալի բաներ են տեղի ունենում։ Երրորդը, իհարկե, քաղաքական ճգնաժամն է, որը շարունակվում է այս տարվա ընթացքում հայ հասարակության ներսում, այդ թվում՝ իշխանափոխության փորձով, այն էլ տարբեր ձևերով։ Դա կարևոր իրադարձություն է ողջ Հայաստանի և ողջ հայ հասարակության համար, որում, ինձ թվում է, բավականին լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել։ Որովհետև հասարակությունն ասաց. «Այո, ներկայիս իշխանությունը պարտվել է։ Առաջացած շատ խնդիրների մեղավորը ներկա իշխանությունն է։ Բայց, այնուամենայնիվ, մենք չենք ուզում հետ գնալ, չենք ուզում վերադառնալ անցյալ, կարծում ենք, որ այս էջը շրջվել է»,֊ասել է Ռուբեն Վարդանյանը։

«Ես խորապես համոզված եմ, որ մենք կարող ենք կառուցել շատ ուժեղ բանակ, որը միևնույն ժամանակ ոչ միայն կպաշտպանի, այլև կլինի տնտեսական փոփոխությունների շարժիչ ուժը, քանի որ դա կլինի տեխնոլոգիապես բոլորովին այլ բանակ, և այն կլինի բանակ, որը կպատվիրի տեխնոլոգիա։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կարող ենք ունենալ Հայաստանի դիրքավորման բոլորովին այլ մակարդակ աշխարհում»,֊եզրափակել է Ռուբեն Վարդանյանը: