Search
Close this search box.

Ինչպե՞ս էր ահաբեկչություն իրականացնելու փորձի մեջ մեղադրվողը հայտնվել ԱԺ-ում

Ազգային ժողովում երեկ՝ նոյեմբերի 25-ին, «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ անցկացված «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայի վերաբերյալ խորհրդարանական լսումներին մասնակցում էր «իշխանությունը բռնությամբ զավթելու» համար մեղադրվող Արթուր Վարդանյանը:

Ուղիղ 6 տարի առաջ՝ 2015-ի նոյեմբերի 25-ին, ըստ ԱԱԾ-ն հաղորդագրության՝ Նորքում զինված խումբ էր վնասազերծվել։ Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել մի խումբ անձանց, որոնց թվում՝ Արթուր Վարդանյանին, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վարդանյանը հիշյալ լսումներին մասնակցել է Համահայկական ազգային պետականություն կուսակցության անունից։ Նա այդ կուսակցության ղեկավարն է։ Կուսակցությունը, նշենք, խորհրդարանական արտահերթ ընտրություններինն նույնպես մասնակցել է, իսկ Արթուր Վարդանյանը եղել է այդ ուժի վարչապետի թեկնածուն։
ArmLur.am-ի հարցին, թե ինչպե՞ս է պատահել, որ ահաբեկչություն իրականացնելու մեջ մեղադրվող անձը հայտնվել է խորհրդարանում՝ լսումներին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսպես պատասխանեց․«Ինքս էլ անակնկալի եմ եկել։ Պարզվեց՝ իր կուսակցության անունով դիմել ներկա լինելու համար»։

Նշենք նաև, որ ըստ քրեական գործի` 2015-ի ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում Արթուր Վարդանյանը ստեղծել ու ղեկավարել է Հայաստանի քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանում իշխանությունը յուրացնել, այսինքն՝ զավթել՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել։

Հավելեք, որ 2019-ի սեպտեմբերին 1 մլն դրամ գրավի դիմաց նա ազատ էր արձակվել: