Search
Close this search box.

ԱԺ նախագահի մամուլի քարտուղարը՝ Ալեն Սիմոնյանի համար գնվող մեքենայի մասին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համար նոր՝ BMW 750Li xDrive LCI դասի մեքենա ձեռք կբերվի։ Որոշումն ընդունվել է այսօր ՀՀ կառավարության նիստում: Հարցը ներառված է եղել չզեկուցվող հարցերի թվում: Ըստ նախագծի՝ մեքենայի արժողությունը 90 մլն դրամ է:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ԱԺ աշխատակազմի կողմից իրականացվում է Ազգային ժողովի նախագահին սպասարկող (BMW 750Li 2011 թ. արտադրության) ծառայողական մեքենայի պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնելու գործընթացը, քանի որ նշված մեքենայի ընթացիկ տեխնիկական սպասարկումը դարձել է ծախսատար, և դրա շահագործման ու պահպանման համար ֆինանսական միջոցների հատկացումներն այլևս արդյունավետ ու նպատակահարմար չեն։

«Հայկական Ժամանակի» հետ զրույցում ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը պարզաբանեց, որ մեքենայի փոփոխությունը կապված է խնայողություններ անելու հետ:

«Նոր մեքենայի անհրաժեշտությունը բացատրվում է ներկայացուցչություն ապահովելու, ինչպես նաև խնայողություն անելու նպատակով, քանի որ ներառում է երաշխիքային և պահպանման ծախսերը: Զրահապատ մեքենայի շահագործման ժամկետը լրացել է, ինչի հետևանքով սպասարկումը բավական մեծ ծախսեր է պահանջում (օրինակ՝ մեքենայի անվադողերի փոխարինումն արժե 17 միլիոն դրամ)»,- ասաց Ծովինար Խաչատրյանը:

Մեքենան գնվելու է «Եվրոմոթորս» ՓԲԸ-ից, որը BMW-ի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում:

Նշենք, որ Ալեն Սիմոնյանի ներկայիս օգտագործվող մեքենան զրահապատ չէ: Այս մեքենան, որը սպասարկում է ԱԺ նախագահին, նաև չի պատկանում ներկայացուցչական դասին: