Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստեղծված իրավիճակում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսելու նախադրյալ չկա. Սեյրան Օհանյան

Թուրք–ադրբեջանական տանդեմը փաստացի տիրացել է Արցախի մեծ մասին և, ներխուժելով ՀՀ տարածք, ամրանում է իր համար շահավետ դիրքերում։ Սահմանազատման և սահմանագծման թեմայով ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում ասաց պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Թշնամին տարածքներ պոկելու մեթոդով միակողմանի սահմանազատում է իրականացնում, հատկապես Սյունիքում ճանապարհների ապաշրջափակման անվան տակ «Զանգեզուրի միջանցք» ձևավորելու համար։ Իսկ ՀՀ իշխանությունն Արցախը Հայաստանին միացնող կարևորագույն ռազմավարական տարածքները, սահմանային կարևոր կետերը հանձնեցին հակառակորդին»,–ասաց Օհանյանը։

Նրա խոսքով` իշխանությունը հղում է անում վարչատարածքային բաժանման ներքին օգտագործման օրենքին և ժամանակին ոչ մի քայլ չի ձեռնարկել պաշտպանության, ինժեներական կառույցների արագ ձևավորմանը։ Օհանյանը նշեց, որ իշխանությունն առաջնագծի արագ կահավորման գործընթացը չիրականացրեց` երկիրը կանգնեցնելով այսօրվա աղետի առջև։

«Հայաստան» խմբակցության ղեկավարն ընդգծեց` ՀՀ–ն չունի միջազգային որևէ պարտավորվածություն սահմանազատման գնալու որևէ քարտեզով, որը չի համապատասխանում միջազգային փորձին։ Բացի այդ, ինչպես Արցախը, այնպես էլ Արցախից օկուպացված տարածքները չեն կարող Ադրբեջանի մաս լինել։ Եվ այս համատեքստում ՀՀ–ն ներկայացնող որևէ անձ չի կարող գրավոր կամ բանավոր համաձայնության գալ` խախտելով Արցախի և Հայաստանի հիմնարար իրավունքները։