Search
Close this search box.

ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Ռուսաստանից մանրամասներ են պահանջել ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիայի դերի մասին

actualnews.org-ը գրում է, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան Ռուսաստանից մանրամասներ են սպասում ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիայի դերի վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն ֆրանսիացի իր գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքներով։

Պետդեպարտամենտը հայտնել է, որ ամերիկացի դիվանագետը Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ մանրամասն քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման։ Կողմերը վերահաստատել են, որ հավատարիմ են մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերին և ընդունում են, որ Ռուսաստանի ջանքերը նպաստել են հրադադարի հաստատմանը։

Միաժամանակ դիվանագետները հայտնել են, որ Մոսկվային ուղղված դեռ շատ հարցեր ունեն։ Նրանք ռուսներից պահանջում են հստակեցնել համաձայնագրի որոշ դրույթներ, այդ թվում Անկարայի դերին վերաբերվող։ Հիշեցնենք, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմը բռնկվել է 2020 թվականի սեպտեմբերի վերջին և տևել մինչև նոյեմբերի 10-ը։

Լայնածավալ հակամարտությունում ներգրավվել են եղել մի կողմից Ադրբեջանի զինված ուժերը, մյուս կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի զինված կազմավորումները։ Առճակատումը դադարեցվել է Բաքվի, Երևանի և Մոսկվայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններից հետո։